Բայդենը հավանական է համարել Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը շատ հավանական է համարել Ուկրաինայի մուտքը ԵՄ։ Այս մասին նա հայտարարել է երկուշաբթի՝ հունիսի 20-ին, ԱՄՆ Դելավեր նահանգի Ռեհոբոթ Բիչ քաղաքում լրագրողների հետ զրույցում, գրում է Kp. ru-ն:

 

«Կարծում եմ՝ հավանական է, շատ հավանական է, որ դա տեղի ունենա»,- ասել է Բայդենը՝ ի պատասխան Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու հնարավորության մասին հարցին։
 

Ամերիկացի առաջնորդը նաև ասել է, որ մտադիր չէ այցելել Ուկրաինա 2022 թվականի հունիսի վերջին նախատեսված Եվրոպա ուղևորության ժամանակ, որի ընթացքում Բայդենը կմասնակցի Գերմանիայում կայանալիք Յոթնյակի (G7) գագաթնաժողովին և Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:
 

Ավելի վաղ Ուկրաինա էր մեկնել ԱՄՆ նախագահ Բայդենի կինը։ ԱՄՆ առաջին տիկինն այցելել է Ուժգորոդ, նրա ուղևորության մասին նախապես չի հայտարարվել։
 

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԵՄ-ին Ուկրաինայի միանալու դիմումը ստորագրել է 2022 թվականի փետրվարին։ Լեհաստանն առաջարկել է Ուկրաինային անհապաղ ընդունել ԵՄ: Միևնույն ժամանակ, փորձագետները նշել են հինգ հիմնական պատճառ, թե ինչու Ուկրաինան չի փայլում ԵՄ անդամակցությամբ, այդ թվում՝ կոռուպցիան, աղքատությունը և ժողովրդավարության հետ կապված խնդիրները։

Քաղաքականություն