
Ուկրաինան սկսել է «Եվրատեսիլ» 2023-ի նախապատրաստման աշխատանքները

Ուկրաինան սկսել է «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթը հյուրընկալելու նախապատրաստությունը: Այս մասին այսօր հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլո Տիմոշենկոն։
Տիմոշենկոյի խոսքով՝ մրցույթը կանցկացվի Ուկրաինայում՝ չնայած ռազմական գործողություններին։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալը նշել է, որ մրցույթի անվտանգությունը ուկրաինական իշխանությունների համար առաջնահերթ խնդիր է։ Մրցույթի նախապատրաստմանը ներգրավված են ՊՆ-ն և ՆԳՆ-ն, ընդգծել է նա։ Մրցույթի վայրը դեռ չի հայտարարվել։
«Հարմարավետ նյութատեխնիկական ապահովման և հիմնական անվտանգությունն ապահովելու համար մենք դիտարկում ենք տարբեր վայրեր։ Առայժմ չենք կարող հայտնել, թե որոնք են»,- Տիմոշենկոյի խոսքերն է մեջբերում ТАСС-ը։
«Մենք աշխարհին ցույց ենք տալիս մեր բաց լինելը, հյուրընկալությունը և լայնածավալ նախագծեր իրականացնելու ունակությունը», - ամփոփել է Կիրիլ Տիմոշենկոն:
Հիշեցնենք, որ 2022 թվականին Եվրատեսիլ երգի մրցույթում Ռուսաստանի ներկայացուցչի մասնակցության չեղարկումից հետո ֆավորիտ դարձավ Ուկրաինան։