«Վերջին զանգ»-ի մասնակիցները Mitsubishi-ով բախվել են բետոնե սյանը, հայտնվել սեփական տան՝ դրսում տեղադրված փայտե զուգարանում

Երեկ՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Mitsubishi Montero Sport մակնիշի ավտոմեքենան Արագած-Արթիկ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Կայնաշիր գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը, առաջ ընթացել, այնուհետև բախվել բնակչի տան ցանկապատին, հայտնվել հողամասում, կոտրել մի քանի ծառ, այնուհետև արմաատախիլ արել ուռենին և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տան՝ դրսում տեղադրված փայտե զուգարանի մեջ, կոտրելով այն: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել գյուղացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության  Արագածի թիվ 21 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝  1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Արթուր Կարապետյանի գլխավորությամբ, վիրավորներին դուրս են բերել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած «Ծաղկահովիտ»  բժշկական կենտրոնի  բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել՝ մի մասը «Ծաղկահովիտ», մի մասը՝ «Ապարան» բժշկական կենտրոններ:

 

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին,  որ վարորդն ու վիրավորները Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Վարդաբլուր վարչական շրջանի բնակիչներ են և վիրավորների  մեջ են շրջանավարտներ, ովքեր մասնակցելիս են եղել «Վերջին զանգ»-ի արարողությանը: