Ուկրաինան ՌԴ-ից անվտանգության երաշխիքներ է պահանջում՝ հացահատիկի արտահանման համար
Ուկրաինայի արտգործնախարարությունը ՌԴ-ից պահանջում է տալ անվտանգության երաշխիքներ՝ հացահատիկի արտահանումը կազմակերպելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Օլեգ Նիկոլենկոն, գրում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանի ռազմածովային ուժերը կապահովեն ուկրաինական հացահատիկով նավերի անխոչընդոտ անցումը, եթե Ուկրաինան լուծի իր տարածքային ջրերի ականազերծման խնդիրը։
«Որպես առաջին քայլ՝ Ռուսաստանը պետք է իր ուժերը հեռացնի Ուկրաինայի շրջակայքում գտնվող ծովային տարածքից և ապահովի անվտանգության երաշխիքներ՝ չհարձակվելու նավահանգիստների և առևտրային շարասյուների վրա»,- գրել է Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը:
Վերջինիս խոսքով՝ Ուկրաինան գործընկերների հետ աշխատում է միջազգային առաքելություն ստեղծելու հնարավորության շուրջ, մասնավորապես, ՄԱԿ-ի հովանու ներքո, որը կստանձնի ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծովային ուղիների ապահովումը։ Նիկոլենկոն հայտնել է, որ 20 մլն տոննայից ավելի հացահատիկ կա Ուկրաինայի նավահանգիստներում։






























