Սաղաթելյանը` 44-օրյա պատերազմի ժամանակ իր ու «Դաշնակցության» դերակատարության մասին
«Այն, ինչ արել է Դաշնակցությունը 44-օրյա պատերազմի ժամանակ ու, թե ինչ դերակատարություն եմ ունեցել ես այդ օրերին, իրենք իրենց ամբողջ կառավարությունով, խմբակցությունով վերցրած դրա 1%-ը չեն արել։ Սովորաբար աշխատում եմ այս կալիբրի հայտարարություններին չանդրադառնալ և չմեկնաբանել»։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում լրագրողներին ասաց ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։
Հիշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ասել է՝ ուր էր Իշխան Սաղաթելյանը 44-օրյա պատերազմի ժամանակ։
Խոսելով սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի աշխատանքների և հանձնաժողովի կազմի մասին, Սաղաթելյանն ասաց․
«Հետաքրքիր է, որ հանձնաժողովի կազմում ՔՊ-ական չկա։ Այն, ինչ անելու է այդ հանձնաժողովը, լավ տեղ չի տանելու։ Պետք է դադարեցնել այս հանձնաժողովի աշխատանքները, քանի դեռ թշնամու զորքերը գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում»։
Անդադառնալով այն հարցին, որ տեղեկություններ կան, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանը այսօր հանդիպել են, Սաղաթելյանը ասաց, որ Արցախի նախագահը մեկ օրակարգով կարող է հանդիպել Փաշինյանի հետ և դա Արցախի պաշտպանության օրակարգն է։
«Եթե Արայիկ Հարությունյանը ունի այդ համարձակությունը պաշտպանելու ԼՂ ժողովրդին, պետք է հստակ փոխանցի Փաշինյանի, որ դու չունես մանդատ երկիրը նոր զիջումների տանելու, իրավունք չունես անել հայտարարություն, որով Արցախը կարող է մնալ Ադրբեջանի կազմում, եթե խոսելու է այդ մասին լավ է, բայց անկեղծ ասած հույս չունեմ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։