Ռուսաստանը ցանկանում է հացահատիկի քվոտաներ և տուրքեր ստանալ միության բոլոր անդամներից

Չնայած 2022 թվականին Ռուսաստանում սպասվող ցորենի ռեկորդային բերքին, ռուսաստանյան կարգավորիչները փորձում են շարունակել խստորեն վերահսկել հացահատիկի արտահանումը արդեն ԵԱՏՄ մակարդակով։ Այս մասին գրում է Kommersant-ը:

 

Ըստ պարբերականի՝ վերաարտահանումից վախենալով, Ռուսաստանը ցանկանում է, որ միության բոլոր անդամները սահմանեն հացահատիկի արտահանման քվոտաներ և մաքսատուրքեր, ինչպես նաև կարող է երկարաձգել ԵԱՏՄ մատակարարումների սահմանափակումները, որոնք դեռ ուժի մեջ են մինչև հունիսի 30-ը: Ղազախստանը, որը շահագրգռված է արտասահման մատակարարումների զարգացմամբ, դեմ է:

 

Մայիսի 20-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նիստում Ռուսաստանը պնդել է, որ ԵԱՏՄ բոլոր անդամները քվոտաներ և մաքսատուրքեր սահմանեն երրորդ երկրներ հացահատիկի արտահանման համար, լրատվամիջոցին հայտնել են աղբյուրները։
 

Ըստ աղբյուրների՝ ՌԴ գյուղատնտեսության նախարարությունն անհրաժեշտ է համարում այդ միջոցառումը ԵԱՏՄ տարածքով ռուսական հացահատիկի վերաարտահանումը կանխելու համար՝ շրջանցելով սահմանափակումները։

 

Ռուսաստանում 2021 թ-ի հունիսից լողացող տուրք է գործում ցորենի, գարու և եգիպտացորենի արտահանման համար՝ գնային ինդիկատորների միջին արժեքի և բազային մասի միջև տարբերության 70%-ի չափով։ 

 

Այս գարնանը, Սիբիրում Ղազախստանից ցորենի գնումների ավելացման ֆոնին, Ռուսաստանը մինչև հունիսի 30-ը արգելեց հացահատիկի արտահանումը ԵԱՏՄ երկրներ։ Սա դժգոհություն է առաջացրել Ղազախստանում, որը Ռուսաստանի Դաշնությանը կասկածում էր խտրականության մեջ և ի պատասխան՝ նույնպես քվոտաներ է սահմանել ցորենի և ալյուրի արտահանման համար։

 

Ըստ «Կոմերսանտ»-ի աղբյուրների՝ ԵՏՀ-ում կայացած հանդիպմանը ռուսական կողմը նշել է ձեռնարկված միջոցառումների անբավարարությունը, քանի որ Ղազախստանը չունի գարու և եգիպտացորենի արտահանման քվոտաներ և չկա արտահանման մաքսատուրք։ Արդյունքում երկու երկրների ներքին գների միջեւ զգալի տարբերություն է եղել։

 

Դեռևս 2021 թվականի օգոստոսին ԵԱՏՄ անդամները նախատեսում էին ներդնել միասնական մոտեցում՝ սահմանափակելու ցորենի, գարու, եգիպտացորենի, արևածաղկի և մի շարք այլ ապրանքների արտահանումը։ Բայց գաղափարն այդպես էլ չիրականացավ։ Այսօր Բելառուսի կողմից ցորենի արտահանման ամբողջական արգելք է մտցվել։ 

 

Հայաստանն ու Ղրղզստանը որոշումներ են պատրաստում տուրքերի և քվոտաների վերաբերյալ, հայտնում է «Կոմերսանտ»-ի աղբյուրը։ Ղազախստանը դեմ է տուրքերին, քանի որ դրանք կարող են խանգարել տեղական գյուղմթերք արտադրողներին միջազգային պարտավորությունների կատարմանը, հավելում է «Կոմերսանտ»-ի զրուցակիցը։

 

 

Քաղաքականություն