
Ռոգոզինն առաջարկել է Կուրիլյան կղզիներին ռուսական անուններ տալ

«Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը ռադիո Sputnik-ի եթերում առաջարկ է արել վերանվանել Կուրիլյան կղզիները և նրանց տալ ռուսական անուններ՝ ի պատիվ ռուս-ճապոնական պատերազմի հայտնի նավերի և իրադարձությունների, գրում է News. ru-ն։
Այսպես, օրինակ, կղզիներից մեկն առաջարկվում է անվանել Ռուսական կայսրության կոնտրադմիրալ Վսևոլոդ Ռուդնևի անունով։ Ռոգոզինը նշել է, որ ռուսական անունների բացակայությունն իրեն ստիպում է «կասկածել» կղզիների Ռուսաստանին պատկանելու հարցում։
Նա հավելել է, որ Հաբոմայ կղզիների խումբը կարելի է անվանել խաղաղօվկիանոսյան նավաստիների ռուս հերոսների արշիպելագ։
Նրա խոսքով՝ կղզիները, ինչպես ողջ Խաղաղ օվկիանոսը, հագեցած են ռուսական արյունով։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը նախկինում պերսոնա նոն գրատա էր հայտարարել Ճապոնիայի 63 քաղաքացու։ Սև ցուցակում են վարչապետ Ֆումիո Կիսիդան, արտգործնախարար Յոսիմասե Հայաշին, ինչպես նաև Ճապոնիայի ֆինանսների, պաշտպանության և արդարադատության նախարարները։
Հաղորդվում է, որ այս որոշման պատճառ է դարձել «Ռուսաստանի Դաշնության դեմ անընդունելի հռետորաբանությունը», ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նկատմամբ նախկինում կիրառված նմանատիպ պատժամիջոցները։