Եղևնիների սպանդ՝ Գորիսում․ ծառերը բնից կտրում են

Գորիսից ահազանգում են, որ արդեն մի քանի օր է անտառտնտեսության աշխատակիցները մասսայական ծառահատումներ են իրականացնում` կանաչ եղեւնիների սպանդ է իրականացվում՝ 100-ից ավելի հսկայական ծառ են հատել, գրում է Hraparak-ը։ 

Լրատվամիջոցը կապ է հաստատել Գորիսի անտառային տնտեսության պետ, ՔՊ-ական Վիտալի Դալունցի հետ, որը փոխանցել է, թե եղեւնիները խանգարում են բարձր վոլտի հոսանքալարերին, որոնք անցնում են անտառի միջով, ծառահատումները դրանով են պայմանավորված․ «Էտի լրիվ օրինական, հոսանքի 35 հազար վոլտի տակերնա կտրվում, ծառերը կպած են հոսանքին, էտի հենց հնենց չի արվում, լրիվ օրինական ա, 35 հազարի ու 10 հազարի»,- ասաց անտառապետը։ 

 

Լրատվամիջոցի հարցին՝ քանի՞ մետր կամ գուցե կիլոմետր անտառհատման մասին է խոսքը։ «Ինչքան տարածք կա, կտրում ենք, ինչքան հոսանքի գծերը գնում ա, կտրելու ենք»,- ասել է Դալունցը՝ համառորեն թիվ չնշելով, դիտարկմանը՝ խոսքը կիլոմետրերի՞ մասին է, արձագանքեց․ «Կիլոմետրա, ասենք կա, որ համայնքի տարածքով է գնում, համայնքն է անելու, որը անտառինն ա, անտառն է անում»։ 

 

Իսկ ինչո՞ւ են բնից կտրում եղեւնիները, այլ ոչ թե կարճացնում։ «Վերեւներից կտրում ենք, մի տարվա, երկու տարվա մեջ նորից հասնում է վերեւ»,- շշմեցուցիչ պատասխան տվեց անտառապետը։ 

 

Փաստորեն, խնդիրը ամեն տարի լուծելու փոխարեն Գորիսի անտառային տնտեսությունը նախընտրում է ծառերի ջարդ կազմակերպել, այն դեպքում, երբ շարքային քաղաքացին՝ եթե մի ճյուղ կտրեր անտառից, նրան դատ ու դատաստանով կպատժեին։  Մասնագետները մեզ ասացին, որ մեկ մետրի վրա առնվազն չորս եղեւնի է տնկված։

 

Լրատվամիջոցը նշում է, որ Դալունցին է պատկանում Ձորակ ռեստորանը, որն աչքի է ընկնում իր փայտային ինտերիերով, հետաքրքրվեցինք՝ կարո՞ղ է ռեստորանի ինտերիերի համար են այդ ծառերը հատվում․ «Ով նման բան է ասում, գլուխը պատին է տվել»,- եղավ անտառապետի արձագանքը։