
Փսակին չի բացառել պատրիարք Կիրիլի դեմ ԱՄՆ պատժամիջոցների տարբերակը

«Ոչ ոք պաշտպանված չէ ԱՄՆ պատժամիջոցներից», - ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին՝ մեկնաբանելով Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Agence France-Presse-ը հայտնել է, որ ԵՄ-ն պատրաստվում է պատրիարք Կիրիլի նկատմամբ սահմանափակումներ մտցնել պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակներում։ Պատասխանելով Վաշինգտոնի կողմից նույն պատժամիջոցների կիրառման հնարավորության մասին հարցին՝ Փսակին ասել է, որ ԱՄՆ-ը «շարունակում է տարբերակներ ուսումնասիրել», սակայն ինքը դեռ «հայտարարելու ոչինչ չունի»։
Փսակին նաև ասել է, որ ինքը «տեղյակ չէ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի վերջին հեռախոսազրույցների մասին»: Հարցին, թե ինչպիսին կլինի Բայդենի դիրքորոշումը, եթե պոնտիֆիկոսը գնա Ռուսաստան, Փսակին պատասխանել է. «Ես դա նրա հետ չեմ քննարկել»: Նա «ենթադրել է», որ Բայդենը «կհարգեր Հռոմի Պապի որոշումը՝ կատարել այդ ուղևորությունները կամ կապեր հաստատել, որոնք նպատակահարմար կգտներ»։
Հիշեցնենք, որ Բայդենը ԱՄՆ պատմության մեջ երկրորդ կաթոլիկ նախագահն է Ջոն Քենեդիից հետո: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խոստովանել է, որ ՆԱՏՕ-ն բացասական դեր է խաղում ուկրաինական ճգնաժամի սրման գործում։