Չհամարձակվե´ք մյուս անգամ նման բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել․ Թաթոյան

Պետական պահպանության ծառայության պետին ու իր ենթականերին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։ 
«Չհամարձակվե´ք մյուս անգամ նման բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքացիների նկատմամբ:  
Դա օրենքի կոպիտ խախտում է և դուք դրա իրավունքը չունեք: Վերջ:  
Չհամարձակվե´ք մյուս անգամ բռնություն գործադրել մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների նկատմամբ կամ խոչընդոտել նրանց աշխատանքը՝ այն էլ նման արհամարհական պահվածքով: 
Ոստիկանների կամ հանրային վայրում ծառայություն իրականացնող պետական ցանկացած ծառայողի կողմից ուղղակի պետք է բացառվի բռնության ցանկացած դրսևորում: Դա օրենքով խստիվ արգելված է: 
Ու առհասարակ, պետք է բացառվի կարգավիճակից դուրս, հետևաբար՝ օրենքը խախտող ցանկացած գործողություն, այդ թվում՝ քաղաքացու նկատմամբ որևէ տեսակի անհարգալից վերաբերմունք կամ վիրավորանք: 
Ոստիկանները որևէ պարագայում չպետք է հավաքների կամ այլ ակցիաների կազմակերպիչների կամ մասնակիցների հետ մտնեն «տղայական» խոսակցությունների կամ «ռազբորկաների» մեջ: Պետք է գործել իրավական կարգավիճակի սահմաններում` բացառապես: 
Քաղաքացիներին խնդրում եմ` եթե տեսնում եք, որ այլ անձինք փորձում են սադրել բռնություն կամ արդեն տեղի ունեցող բռնության դեպքում պետք է այդ մասին անհապաղ տեղեկացնել Ոստիկանությանը` իրավական ընթացակարգով դա կանխելու կամ այդ անձանց մեկուսացնելու համար: Դա պետության գործառույթն է և մասնավորապես՝ Ոստիկանության խնդիրը: 
Սիրելի՛ հայրենակիցներ, ձեզ էլ խնդրում եմ բացառել վիրավորանքը, արժանապատվությունը վիրավորող խոսքերը ոստիկանների հետ հարաբերություններում: Դա ավելի է լարում մթնոլորտը»,-գրել է նա:

Քաղաքականություն