Գագիկ Բեգլարյանը` նախկին կուսակիցներին միանալու մասին
Այսօր, երբ Երևանի փողոցներում իրազեկման ցույց էր իրականացվում, «Մոսկվա» կինոթատրոնի մոտ գտնվող սրճարաններից մեկում նստած է եղել նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Այս մասին գրում է «Առավոտը»:
Նա նստած տեղից ձեռքով ողջունել է երիտասարդների հետ քայլող ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանին։
Aravot.am-ի հարցին՝ Հայաստանում ապագայի հետ կապված ի՞նչ ծրագրեր ունի, Գագիկ Բեգլարյանը պատասխանել է. «Ոչ մի»։
Հարցին՝ չի միանալու արյոք նախկին կուսակից ընկերների ցույցին, Գագիկ Բեգլարյանը պատասխանել է. «Ոչ, ոչ, ոչ նախկին, ոչ ներկա»։
Դիտարկմանը՝ իսկ ինչո՞վ եք զբաղվելու, արձագանքել է կողքի սեղանին նստած, վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը՝ ասելով. «Բիզնեսով ա զբաղվելու»։
Մեր ճշտող հարցին՝ միգուցե Գագիկ Բեգլարյանի հետ Դու՞ք եք համատեղ բիզնես ծրագրեր իրականացնելու, Նաիրի Սարգսյանը ժպտաց և գլխի բացասական շարժում արեց։ Մեր հաջորդ հարցին՝ իսկ Դուք ինչո՞վ եք զբաղվելու Հայաստանում իշխանափոխությունից հետո, Նաիրի Սարգսյանն անհանգիստ շարժում արեց և հայտարարեց.
«Առաջիկա տասը տարում Հայաստանում իշխանափոխություն չի լինելու»։ Մեր դիտարկմանը, որ ՔՊ-ի իշխանությունը և, առհասարակ որևէ իշխանություն, հավերժ չէ և մի օր իշխանափոխություն անպայման լինելու է, Նաիրի Սարգսյանը համաձայնեց և ասաց, որ իշխանափոխությունից հետո ինքն էլ բիզնեսով կզբաղվի։ Թե ինչ բիզնես նախասիրություններ ունի Նաիրի Սարգսյանը՝ ինքն էլ դեռ չգիտի, ուսումնասիրում է դաշտը։ Իսկ այն հարցին, թե աշխատելով պետական պաշտոնում, ինչպես՞ է գումարներ կուտակելու հետագայում բիզնես գործունեություն ծավալելու համար՝ Նաիրի Սարգսյանը հեգնանքով պատասխանեց. «Թալանած գումարներով»։






























