Բանջարեղենի արտահանման արգելք. հաշվարկվել են Հայաստանի վնասները. ԶԼՄ
Հայաստանը կարող է գրեթե ամբողջությամբ մնալ առանց լոլիկի, վարունգի, պղպեղի և կանաչու արտահանման, եթե կորցնի դրանց գլխավոր գնորդին՝ ի դեմս Ռուսաստանի, հաշվարկել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ՄԱԿ-ի Կոմթրեյդ (Comtrade) հարթակի տվյալների համաձայն։ Ըստ ՄԱԿ-ի հարթակում հրապարակված վիճակագրության՝ անցյալ տարվա տասնմեկ ամիսների ընթացքում (դեկտեմբերի տվյալները դեռ չեն հրապարակվել) Հայաստանը Ռուսաստան է արտահանել թարմ բանջարեղեն և կանաչի, որոնք այժմ հայտնվել են սահմանափակումների տակ, 73,96 միլիոն դոլարի չափով։
Ամբողջ տարվա կտրվածքով դա կազմում է մոտ 80,64 միլիոն դոլար, ինչը սահմանափակումների տակ հայտնված բանջարեղենի ողջ արտահանման 99 տոկոսն է (տարեկան մոտ 81,5 միլիոն դոլար)։
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է թարմ պղպեղի (37,1 միլիոն դոլար 11 ամսում), լոլիկի (32,78 միլիոն), կանաչու (2,52 միլիոն), վարունգի (1,52 միլիոն), ինչպես նաև ծնեբեկի (16,7 հազար) մատակարարումներին։ Բացի Ռուսաստանից, հայկական վարունգ փոքր ծավալներով ներմուծել է Վրաստանը (23 հազար դոլար՝ 2025 թվականի 11 ամիսների արդյունքներով), պղպեղ՝ Լատվիան (517 հազար) և Բելառուսը (85 հազար), կանաչի՝ Վրաստանը (162 հազար դոլար)։
Մայիսի վերջին — հունիսի սկզբին «Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակել է Հայաստանից ծաղիկների և պտուղ-բանջարեղենային արտադրանքի, ինչպես նաև կորիզավոր պտուղների, խաղողի, հնդավոր մշակաբույսերի և չրերի ներկրումը։ Այս որոշումը մասնակիորեն անդրադարձել է նաև ձկան և դրանից պատրաստված արտադրանքի վրա։