Հասարակություն

Լարսից 17 հայկական բեռնատարներ հետ են ուղարկվել. ինչ մանրամասներ են հայտնի

Լարսից 17 հայկական բեռնատարներ հետ են ուղարկվել. ինչ մանրամասներ են հայտնի

«Մենք բոլոր փորձաքննություններն անցել էինք, հայկական կողմն ասել էր, որ որակը լավն է, ոչ մի խնդիր չկա։ Այնտեղ բիբարին այնպիսի հիվանդություն են կպցրել, որ բիբարը նման հիվանդությամբ չի վարակվում։ Այս պահի դրությամբ էլ Լարսի անցակետում կան գյուղմթերքով բեռնված բեռնատարներ, վարորդները փաստաթղթերը հանձնել են, արդեն 3 օր է սպասում են, մինչդեռ սովորաբար այդ գործընթացը մեկ օր է տևում»։ Անհատ բեռնափոխադրող Նարեկ Յեղինյանը NEWS.am–ի հետ զրույցում պատմում է՝ Լարսի անցակետից հետ է ուղարկվել գյուղմթերքով բեռնված 17 հայկական բեռնատար, մթերքի մի մասը տեղավորել են սառնարաններում, մի մասն էլ շուկաներ են տարել։ Նարեկի բեռնատարում, օրինակ, 20 տոննա ելակ է եղել․ նա սառնարանում է տեղավորել ելակն ու դատարկ բեռնատարով Ռուսաստան ուղևորվել։ Անհատ բեռնափոխադրողը չգիտի՝ որքան ժամանակ ելակը, պղպեղն ու մյուս բերքը կարող է մնալ սառնարաններում, սակայն նշում է՝ ջերմոցատերերի կրած վնասը մեծ է, մթերքը սովորականից երկար ժամանակ է մնացել անցակետում։


Նախօրեին Բագրատաշենի անցակետի մոտ վարորդները ճանապարհ են փակել՝ բարձրաձայնելով իրենց խնդրի մասին, սակայն , պատկան մարմիններից որևէ արձագանք չեն ստացել։


«Որևէ պատկան մարմնից արձագանք չստացանք, նորից կուզեմ դիմել էկոնոմիկայի նախարարին դիմել, թո՛ղ հյուրանոցների և տուրիստական բումերը թողնի, մենք ավելի լուրջ խնդրի ենք բախվել և իր օգնության կարիքն ունենք, որովհետև այսօր ինքն է զբաղվում այդ հարցերով։ Ինձ թվում է հյուրանոցային բումն այնքան կարևոր չէ, որքան գյուղատնտեսական բումը։ Այսօր գյուղացիներն ու բեռնափոխադրող ընկերությունները մի մեծ խնդրի են բախվել, որի տակից չգիտեմ՝ ոնց են դուրս գալու։ Վարչապետն ինչ–որ տեղ ասել էր, որ ամբողջ մթերքը կգնի, ուզում եմ իրեն էլ դիմել․ եթե հնարավոր է մեզ լոկացիա ուղարկեք, որ իմանանք որտեղ եք գնելու լոլիկը, բիբարն ու ելակը։ Նաև սուբսիդավորման ու եվրոպական շուկաների մասին է խոսել, բայց խոսքը պիտի ուժ ունենա, մեր դեպքում միայն խոսքեր են»,–նշում է բեռնատարի վարորդը։


Նարեկը պատմում է՝ 4 տարի է՝ բեռնափոխադրմամբ է զբաղվում, միշտ էլ անցակետերում խնդիրներ եղել են, բայց ոչ նման մասշտաբի։


«Բնական է, որ քաղաքական հետք կա․ քաղաքական վերնախավի հայտարարություններից հետո են սկսել մեզ նման վերաբերմունք ցույց տալ, բայց կարծում եմ, եթե մի բանը պետության համար լավ է, թո՛ղ ասեն՝ ժողովուրդ ջան, եկե՛ք ձեր վնասը փոխյատուցենք, կամ վարկերը սառեցնենք որոշ ժամանակով, հասկանանք մեր պետության վերջը ինչ ա լինում, հետո ձեզ պատասխան կտանք։ Ախր դա էլ չեն անում, անորոշություն է»,–ասում է վարորդը։


Հիշեցնենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից լոլիկի, վարունգի, պղպեղի, ելակի ներմուծումը, արգելել է «Ջերմուկ» հանքային ջրերի, ինչպես նաև ծաղիկների ու ալկոհոլային որոշ խմիչքների ներմուծումը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250