Ուկրաինան դիմել է Մոլդովային՝ մարտական ՄիԳ-29-ների հարցով և մերժում ստացել «Ռուսաստանին չնյարդայնացնելու համար»

Պատերազմի առաջին օրերին Ուկրաինան դիմել է Մոլդովային՝ վերջինիս հաշվեկշռում առկա ՄիԳ-29-ներն իրեն փոխանցելու խնդրանքով։ Այս մասին գրել է «Европейская Правда»-ն՝ հղում տալով իր աղբյուրներին:

Նշվում է, որ ռուսական ներխուժման առաջին օրերին Ուկրաինայի ղեկավարությունը դիմել է Մոլդովայի կառավարությանը՝ Մոլդովայի ռազմաօդային ուժերի մարտական ​​ինքնաթիռներն Ուկրաինային վաճառելու կամ փոխանցելու խնդրանքով։
 

Մոլդովայի ՊՆ-ի հաշվեկշռում 6 ՄիԳ-29 կործանիչ կա, որոնք տեղակայված են երկրի հյուսիսային մասում գտնվող Մարկուլեստի գյուղի ավիաբազայում։ Պաշտոնական տվյալներով՝ բոլորն էլ աշխատանքային վիճակում են, սակայն ինքնաթիռները երկար ժամանակ օդ չեն բարձրացել։ Քիշնեւը երկար ժամանակ փորձում էր վաճառել դրանք, սակայն վաճառքն այդպես էլ չի կայացել:
 

Հրատարակության աղբյուրները, սակայն, պնդում են, որ Կիևը, ի պատասխան իր խնդրանքի, կտրականապես մերժում է ստացել Մոլդովայի կառավարության ղեկավարությունից՝ «մենք չենք ցանկանում նյարդայնացնել Ռուսաստանին» բացատրությամբ։ Մոլդովայում կարծում էին, որ Ռուսաստանի Դաշնությունը դա կհամարի չեզոքության սկզբունքի խախտում։