«Ոչ մեկ տեղյակ չէ, որ Գևորգ Ղարիբյանը մեկ թևով է գոտեմարտել»․ տղաները մի քանի ամիս է գումար չեն ստացել
«Ոչ մեկ տեղյակ չէ, որ Գևորգ Ղարիբյանը մեկ թևով է գոտեմարտել Եվրոպայի առաջնությունում: Մենք չկարողացանք իրեն հասցնել այն վիճակին, որ վնասվածքը լիովին ապաքինվեր: Մեր անձնական միջոցներով ենք արել, ինչ կարողացել ենք: մենք գալիս ենք ու խոսում ենք մեդալների մասին, բայց մինչև դա ունենք բազմաթիվ խնդիրներ»,- այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է ժ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը:
Բուդապեշտում կայացած Եվրոպայի առաջնությունում Հայստանը նվաճել էր 4 մեդալ: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Մալխաս Ամոյանը, բրոնզե մեդալակիրներ էին դարձել Ռուդիկ Մկրտչյանը, Սլավիկ Գալստյանն ու Գևորգ Ղարիբյանը: Վերջինս վնասվածքով է մասնակցել Եվրոպայի առաջնությանը: 2020 թվականի Եվրոպայի չեմպիոնի խոսքով, այս խնդիրները նոր չեն, բայց ամեն անգամ սպասել են, որ ինչ որ բան կփոխվի:
Եվրոպայի չեմպիոնը նշեց՝ բարձրաձայնում են, քանի որ արդեն տևական ժամանակ է բախվում են այս խնդրին․ «Թիմում տղաներ կան, որ արդեն մի քանի ամիս է տասը դրամ գումար չեն ստացել: Մի քիչ կոպիտ ասեմ՝ առաքիչն այսօր ավելի շատ գումար է վաստակում, քան հավաքականի անդամները: Սպորտի ղեկավար մարմինները ոչինչ չեն արել: Մենք չենք ասում մեզ շատ կամ քիչ տվեք, բայց մենք հասուն մարդիկ ենք, թիմում տղաներ կան, որ ընտանիք են պահում, բայց ոչ մեկ գումար չի ստանում: Չեմ ուզում շատ բողոքել, բայց այսպես շարունակել հնարավոր չէ: Վնասվածքիս մասին տեղյակ եմ պահել ֆեդերացիային ու նախարարությանը, լուրջ գումարների հետ է կապված, դիմել եմ իրենց, ասել են գնա արա, չեկերը կբերես, կտանք: Դա պատասխան չէ: Գնում ենք Եվրոպայի առաջնություն, վիտամին չունենք նույնիսկ, մարզահագուստ չունենք, դա ամոթ է մեզ համար: Գնում ենք տարբեր շորերով: 10 հոգով գնում ենք, ոչ մեկս ոչ մեկի նման չենք, կարծես փողոցից տղաներով գնանք: Մեդալի համար գոտեմարտից առաջ բժիշկ չունեինք նույնիսկ, որ թևս ստուգեր»: