
Կարտոֆիլի 71.4% գնաճ․ Հայաստանում որ ապրանքներն են ամենաշատը թանկացել

2022թ. փետրվարին հունվարի համեմատ մայրաքաղաքում սպառողական գների մակարդակն աճել է 0.2%-ով։
Չնայած նրան, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց, որ գնաճի հարցում Հայաստանը՝ ի տարբերություն շատ երկրների լավ վիճակում է, սակայն մեր երկիրը ևս անմասն չի մնացել գնաճից։
Auroranews-ը փոքրիկ ուսումնասիրություն է անցկացրել՝ հասկանալու, թե վերջին երկու ամիսներին գնաճն ինչ ադեցություն է ունեցել սպառողական զամբյուղի տարողունակության վրա և որքան են կազմել թանկացումները՝ նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատությամբ։
Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի վերջերս ներկայացրած տվյալների՝ Հայաստանում 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին զգալի գնաճ նկատվել է բանջարեղենի շուկայում՝ կազմելով 31%։
Ներկայացնենք օրինակներով՝
Թարմ կաղամբի գինը 2022 թ․-ին փետրվարին աճել է 3.8 անգամ՝ 2021 թ․-ի փետրվարի համեմատ, իսկ նույն տարվա հունվարի համեմատ արձանագրվել է 5.6% գնանկում:
2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ երկրում գրանցվել է կարտոֆիլի 71.4%, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 8.3% գնաճ:
Պետք է նշել նաև, որ այս տարվա փետրվարին հունվարի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 1.95%:
Հրապարակված տվյալների համաձայն՝ պարզ է դառնում, որ Հայաստանում սպառողական զամբյուղը ամսական կտրվածքով բավականին թանկացել է:
Առանձնացնելով մի շարք սննդամթերքներ՝ պետք է նշել, որ այս երկու ամիսների տվյալներով միայն հավկիթն է, որ թեթև գնանկում է ունեցել։
Ձվի գինը 2022թ. փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ նվազել է 1.0%-ով, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 11.0%-ով:
2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ ՀՀ-ում գրանցվել է կարագի 7.8% գնաճ, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 1.0% գնանկում:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 18.2% գնաճ, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 0.3% գնանկում:
Պանրի գինը 2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ աճել է 17.2%-ով, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 1.8%-ով:
Հանրապետությունում արձանագրվել է թռչնամսի, գառան, տավարի, խոզի մսերի՝ համապատասխանաբար 6.8%, 7.6%, 8.0% և 31.8% գնաճ։
Օրինակ 2021 թվականին խոզի միսն արժեր 3000-3200 դրամ, իսկ այսօր՝ միջինում 3700 դրամ։
Անդրադառնալով հացաբուլկեղենին՝ Հանրապետությունում նկատվել է հացի և ձավարեղենի շուրջ 10․1% գնաճ։
Հակիրճ ներկայացվում է աղյուսակում՝
Առանձնացնենք նաև ոչ պարենային մթերքները, որոնք նույնպես ունեն զգալի գնաճ։ Համեմատելով նախորդ ամիսների հրապարակումները՝ պարզ է դառնում, որ Հայաստանում թանկացել են հագուստը, կահույքը, էլեկտրական և ոչ էլկտրական տեխնիկան և մի շարք այլ կենցաղային ապրանքատեսակներ։ Միայն դեղագործական ապրանքներն են, որ գնանկում են ունեցել։
Հանրապետության դիտարկվող 6 քաղաքներում (այդ թվում մայրաքաղաքում) փետրվարին հունվարի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են։
Զգալի գնաճ կա նաև բենզինի շուկայում։ 2022թ. փետրվարին՝ նախորդ տարվա փետրվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 31.2% և 44.6%-ով, իսկ 2021թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է բենզինի 3.4% գնանկում և դիզելային վառելիքի 2.1% գնաճ: