ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սեյրան Օհանյանը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին
Ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցության պայմաններ այսօր ձևավորված չէ և առանց նախապայմանների, առանց իրադրության ճիշտ գնահատման այդ խաղաղության գնալն անընդունելի է հայկական կողմի համար: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Եթե մեզ թվում է, թե հակառակորդն իր հիմնական նպատակների իրականացմանը հետամուտ չի լինելու, այն է՝ Արցախի հայության հայաթափումը, միանշանակ այդպես չէ, որովհետև ով ճանաչում է թուրքին, պետք է հասկանա, որ գոյություն ունի թուրք-ադրբեջանական այնպիսի խորամանկություն, որ ՀՀ միամիտ իշխանությունները դա չեն հասկանում, սա չեն հասկանում Արցախի իշխանությունները», - ասաց Սեյրան Օհանյանը։
ՊՆ նախկին նախարարի արձանագրմամբ՝ հակառակորդը, տարբեր ճնշումների գործադրելով, իր հեռահար նպատակներն է իրականացնում, այն է՝ մարտավարական քայլերով փորձում է ռազմավարական կարևոր բարձունքներն ու աշխարհագրական դիրքերը զբաղեցնել, որպեսզի հետագայում այդ հատվածերից կարողնանա ճնշել Արցախի ժողովրդին:
Սեյրան Օհանյանը նաև ընգծեց, որ անընդունելի է համարում Հայաստանի իշխանությունների մինչև հիմա ձեռնարկած միջոցառումները.
«Գտնում եմ, որ լուրջ համագործոկցություն պետք է իրականացվեր ՀՀ-ի, ՌԴ-ի, Արցախում ՊԲ-ի, խաղաղապահ ուժերի բոլոր ստորաբաժանումների, ինչպես նաև վերաբերող մասով Ադրբեջանի Հանրապետության հետ, պետք է հստակեցվեին բանակում առկա բոլոր խնդիրները, և բոլոր ճեղքերը պետք է փակվեին», - ասաց Սեյրան Օհանյանը և հավելեց, որ սա խոսում է այն մասին, որ ՀՀ և Արցախի իշխանությունները մինչև հիմա չեն գիտակցել, թե ինչպիսի անվտանգային միջավայր գոյություն ունի Հայաստանի և Արցախի շուրջը և ժամանակին որոշումներ չեն ընդունել.
«Միանշանակ, այսօրվա իրադրության պատասխանատուները այս իշխանություններն են, Արցախի բնակիչները պետք է պահանջեն իշխանություններից, որպեսզի արագ միջոցառումներ ձեռնարկվեն»,-ասաց Օհանյանը: