Չկա օդանավ՝ չկա թռիչք. ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վտանգը հասավ հայկական ավիացիա. hetq

«Ավիակոմպանիա Արմենիա» ընկերությունը, որը 3 չվերթ ուներ Երեւանից դեպի Մոսկվա, մարտի 24-ից ստիպված է բավարարվել միայն մեկով։ Պատճառը դեպի Ռուսաստան թռչող ինքնաթիռների պակասն է։ Չկա օդանավ՝ չկա թռիչք․ գրում է hetq.am-ը։ 

Ընկերության չվերթերից երկուսը դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան էին․ մեկը՝ կեսօրին մոտ, մյուսը՝ երեկոյան։ Երրորդ չվերթը դեպի «Շերեմետեւո» էր։ Բացի դրանից՝ փոխադրողն իրար էր կապում նաեւ Երեւանն ու Սանկտ Պետերբուրգը, իսկ ավելի վաղ Երեւանից թռչում էր Միներալնիե Վոդի ու Վորոնեժ։ Եթե վերջինիս օդանավակայանը ժամանակավորապես փակ է՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմի թատերաբեմին մոտ լինելով, ապա Մին․Վոդին բաց է, բայց «Արմենիան» վերջին շրջանում ո՛չ այստեղ էր թռչում, ո՛չ Վորոնեժ, փոխարենը կենտրոնացել էր Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի վրա։ 

Մարտի 24-ին ավիափոխադրողը հայտարարեց, որ ինքնաթիռների շահագործմանը խոչընդոտող պատժամիջոցների պատճառով ստիպված է ժամանակավորապես կասեցնել դեպի «Վնուկովո» եւ «Շերեմետեւո» իրականացվող 2 չվերթերը մարտի 24-ից մինչեւ ապրիլի 15-ը ներառյալ: «Վնուկովոյի» կեսօրվա չվերթը կիրականացվի նախկինի պես։ «Այս պահին աշխատանքներ են տարվում ստեղծված իրավիճակի վերաբերյալ այլընտրանքային լուծումներ գտնելու ուղղությամբ»,- նշեց «Արմենիան»։ 


Փաստորեն, ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով խնդրի առաջ են կանգնել ոչ միայն ռուսական ավիաընկերությունները, որոնց կողմից շահագործվող օդանավերը դրանց արտասահմանյան սեփականատերերը (լիզինգատուները) հետ են պահանջում, այլեւ ոչ ռուսական փոխադրողները, որոնք թռչում են դեպի այդ երկիր։

Քաղաքականություն