ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Տոյոտա»–ով ոչխար են գողացել․ վարորդն ու ուղևորը տեղափոխվել են Աշտարակի բաժին

Աշտարակի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արագածոտնի մարզի Օշական գյուղում գողություն են արել: Մարտի 19-ին, ժամը 10.15-ին, Օշական գյուղում նրանք կանգնեցրին «Տոյոտա» մակնիշի մի մեքենա: 27-ամյա վարորդը Էջմիածնի բնակիչ էր, ուղևորը հենց օշականցի էր՝ 17 տարեկան: Մեքենայում կար ևս մեկ շնչավոր. բոլորը, մեքենայով հանդերձ, տեղափոխվեցին Աշտարակի բաժին: 
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ 
Ոստիկանությունում պարզվեց հետևյալը։ Նրանք մարտի 17-ի գիշերը Օշականում տարբեր մեքենաներից գողացել էին մարտկոցներ, իսկ մարտի լույս 19-ի գիշերը՝ վեց գլուխ ոչխար, որոնցից մեկը մեքենայում էր: 
Հետագա միջոցառումներով մարտկոցները հայտնաբերվել են մետաղների ընդունման կետերից: Ճշտվել է նաև ոչխարների տիրոջ ինքնությունը. նրանից ընդունվել է հաղորդում: 

Ոչխարները հայտնաբերվել են էջմիածինցի երիտասարդի տան բակում, բայց՝ միայն չորսը: Ըստ երիտասարդների` վեցերորդ ոչխարը փախել էր։ Հանգամանքները քննությամբ պարզվում են: