ՀԷՑ-ում հոսանքազրկումների տևողությունը կրճատվել է մոտ 25%-ով․ Ռոմանոս Պետրոսյան

Երեկ «Տաշիր կապիտալ» ՓԲԸ տնօրեն, ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ շփման ընթացքում բառացի հայտարարել է. «…ինչ վերաբերում է էլեկտրականությանը. վերջին 4 ամիսների ընթացքում՝ անցած տարվա համեմատ, Հայաստանում անջատումների քանակը բարձրացել է 40%-ով։ Մենք ունենք տոտալ կոլապս էլեկտրաէներգիայի ոլորտում նույնպես՝ 40%-ով աճ էլեկտրաէներգիայի անջատումների մեջ…»։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀԷՑ-ի ժամանակավոր պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը:


Ստորեւ ներկայացնում եմ վերջին 4 ամիսներին ՀԷՑ-ի բաշխման ցանցում էլեկտրաէներգիայի անջատումների միջին տեւողության (վթարների վերացման) պաշտոնական վիճակագրությունը՝ անցյալ տարվա նույն ամիսների համեմատությամբ (դեռեւս փետրվարն ամփոփված չէ)։

Անջատումների միջին տեւողությունը (րոպե).

2024թ. Հոկտեմբեր - 71,56ր

2025թ. Հոկտեմբեր - 52,99ր

2024թ. Նոյեմբեր - 73,31ր

2025թ. Նոյեմբեր - 45,70ր

2024թ. Դեկտեմբեր - 79,04ր

2025թ. Դեկտեմբեր - 69,98ր

2025թ. Հունվար - 57,33ր

2026թ. Հունվար - 57,21ր


Նշված վիճակագրությամբ ակնհայտ է դառնում, որ վերջին 4 ամիսներին (ժամանակավոր կառավարչի գործունեության շրջանում) ՀԷՑ-ի բաշխման ցանցում հոսանքազրկումների ընդհանրացված միջին տեւողությունը կազմում է 56,47 րոպե, իսկ նախորդ շրջանի նույն ամիսների կտրվածքով ցուցանիշը եղել է 70,31 րոպե. այսինքն՝ իրենց կառավարման շրջանում էլեկտրաէներգիայի անջատումների միջին տեւողությունը ավելին է եղել շուրջ 25%-ով։


Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի անջատումների՝ կոնկրետ քանակական ցուցանիշներին, ապա դրանց մասով պաշտոնական տեղեկատվությունը կհանրայնացնեմ քիչ ավելի ուշ, այս պահին իրականացվում են համալիր վերլուծություններ, քանի որ, որքան էլ որ զարմանալի թվա, անցած շրջանում՝ մինչեւ ՀԾԿՀ կողմից վարչական վարույթի հարուցումը, ՀԷՑ-ում ոչ բոլոր վթարներն են պաշտոնապես հաշվառվել եւ փաստաթղթավորվել՝ դրանով ՀԾԿՀ-ին եւ մեր հանրությանը ներկայացնելով ակնհայտ խեղաթյուրված եւ ոչ հավաստի հաշվետվություններ։


Հիշեցնեմ, որ ՀԾԿՀ կողմից հարուցված վարչական վարույթի ավարտին ՀԷՑ-ին բաշխման լիցենզիայից զրկելու 6 հիմնավոր պատճառներից մեկն էլ հենց այդ պաշտոնական Հաշվետվությունների աղավաղված եւ ոչ արժանահավատ լինելու հանգամանքն էր հանդիսանում, ինչը հաստատվել է նաեւ ՀԾԿՀ կողմից հատուկ այդ նպատակով իրականացված մոնիթորինգի արդյունքում։


Եվ վերջապես, կրկին անգամ կոչ եմ անում ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահին՝ այլեւս չանսալ ղազինյանական մանիպուլատիվ եւ խեղաթյուրված ապատեղեկատվությանը (վերջինս սեփականատերերին իր ուրույն ճշմարտացիությունն ապացուցելու սեփական խնդիրներն ունի), այլ որպես ՀԷՑ-ի կառավարման կանոնադրային մարմիններից՝ դեռեւս մեկի ղեկավար, պաշտոնական հարցում անել ՀԷՑ-ին եւ ստանալ հավաստի ու պատշաճ փաստաթղթավորված տեղեկատվություն։


Այլապես տպավորությունն ավելի է խորանում, որ ինչպես ժամանակին չեք տիրապետել իրերի իրական դրվածքին հանրային ծառայությունների կարգավորման տիրույթում գործող, բնական մենաշնորհային դիրքով օժտված, ազգային հարստություն հանդիսացող՝ էներգետիկ-ռազմավարական նշանակության ՀԷՑ-ում (կամ առնվազն՝ տնտեսապես այդպես ավելի «ձեռնտու» էր), այդպես էլ մինչ օրս փորձում եք ձեւացնել, թե իբր ՀԷՑ-ի մասով դեռեւս «թեմայի մեջ եք»…


Հ.Գ. Էլեկտրաէներգիայի մատակարարումների՝ վերջին ամիսների ընթացքում ընդհատումների պաշտոնական վիճակագրությունը՝ հաջորդիվ։

Քաղաքականություն