Արսեն Թորոսյանը` տաքսու վարորոդների հետ հանդիպման մասին

Կառավարությունը տաքսի ծառայություններ մատուցող անհատ վարորդների հետ ունեցել է «շատ կոնստրուկտիվ հանդիպում»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով տաքսու վարորդների բողոքի ակցիաներին։


Նրա խոսքով՝ հանդիպմանը մասնակցել են օնլայն հարթակներից օգտվող վարորդներ, և քննարկվել են նրանց կողմից բարձրացված բոլոր հարցերը։ «Այդ հարցերի մի փոքր մասն է վերաբերում կառավարությանը, մյուս մասը՝ «Yandex» հարթակին կամ այլ պլատֆորմներին»,- նշել է նախարարը։


Թորոսյանի հավաստմամբ՝ կառավարությունը զբաղվում է խնդիրների լուծմամբ, և քննարկումները շարունակական են լինելու։ «Հաջորդ շաբաթ նորից կհանդիպենք։ Որոշ հարցերի լուծման ուղիներն արդեն հստակ են, օրինակ՝ կենսաթոշակային ապահովության մասով»,- ասել է նա։


Նախարարը նաև քննադատել է որոշ ակտիվիստների միջամտությունը՝ նշելով, որ նրանք, իր գնահատմամբ, տարածում են ապատեղեկատվություն և փորձում են վարորդների զգացմունքների վրա խաղալ՝ քաղաքական շահեր ստանալու նպատակով։


«Չեմ կարծում, որ կա որևէ հարց, որը հնարավոր չէ քննարկել և լուծել։ Պետք է օբյեկտիվ գնահատել իրավիճակը և համադրել այն մյուս աշխատողների վճարած հարկերի և ստացվող ծառայությունների հետ։ Անլուծելի խնդիր չկա, և գործընթացը կշարունակենք»,- ընդգծել է նախարարը։


Նրա խոսքով՝ որոշ փոփոխություններ արդեն կատարվել են մինչև հանդիպումը, իսկ հնարավոր այլ փոփոխությունները ևս կիրականացվեն։ Պետությունը, ըստ Թորոսյանի, իր հերթին կփորձի առաջընթաց ապահովել առողջության ապահովագրության և կենսաթոշակային հարցերում։


Անդրադառնալով վարորդների դժգոհություններին «Yandex» ընկերությունից՝ նախարարը նշել է, որ պետությունը, որպես ՏՏ ոլորտի խոշոր ներկայացուցիչ, ընկերության հետ ունի աշխատանքային կապեր։ «Նրանց հետ ևս կլինեն քննարկումներ, և նրանք նույնպես շահագրգռված են հարցերի կարգավորման մեջ»,- եզրափակել է Արսեն Թորոսյանը։

Քաղաքականություն