Լավրովն ու Բայրամովն են խոսել. ՌԴ ԱԳՆ հայտնում է
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հեռախոսազրույցներում քննարկել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման խնդիրը:
Ինչպես նշվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում, մարտի 21-ին Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Քննարկվել է երկկողմ հարաբերությունների հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ այս տարվա փետրվարի 22-ին Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների՝ դաշնակցային փոխգործակցության մասին ստրագրած հռչակագրի դրույթների կատարման ընթացքը։
Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր: Նախարարները քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ համաձայնագրերի առանցքային դրույթների կատարման ընթացքը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը։
«Դիրքորոշումների հստակեցում» է իրականացվել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի (Ադրբեջան - Հայաստան - Վրաստան + Ռուսաստան - Իրան - Թուրքիա) հետագա աշխատանքների վերաբերյալ։
Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Քննարկվել են հայ-ռուսական համագործակցությանը, բարձր և բարձրագույն մակարդակներում փոխայցելություններին, Հայաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումներին վերաբերող հարցեր։
Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։
ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սադրանքների և հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը։
Արարատ Միրզոյանը նաև իր գործընկերոջն է ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ, այդ համատեքստում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանը հայտնել է Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվը
Ադրբեջանը որպես գերի պահում է 38 անձի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ արտաքին հարա...
«Այդ հարցը Հայաստանի իրավասության ներքո չէ»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի բողոքին
«Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում որեւէ միջոցառման անցկացման եւ այդ միջոցառմանը միջազգային ներկայացուցիչն...
ՊԲ-ն՝ հայկական կողմի դիվերսիոն գործողություններ կատարելու լուրի վերաբերյալ
Հաղորդագրություն Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը` Արցախի Հանրապետության պաշտպանության բա...
Բաքուն հայտարարել է, երբ կվերականգնվի Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանի գազային ընկերությունը ՝ «Ազերիգազը», հայտարարություն է տարածել, թե իբր վերացրել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ...