Կրակոցներ՝ Լոռու մարզում. ավագանու անդամը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ, մարտի 20-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 23։15-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։  

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նա Լոռու մարզի Լորուտ գյուղի բնակիչ՝ 25-ամյա Էդգար Մելիքսեթյանն է։ Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում գյուղում համագյուղացու տանը վիճաբանություն է տեղի ունեցել Է. Մելիքսեթյանի ու ևս 1 անձի միջև։ 

 

Կայքի տեղեկություններով՝ այդ անձը 19-ամյա Նաիրի Մաթևոսյանն է։ Վերջինս վիճաբանության մասին հայտնել է իր հորը՝ 43-ամյա Վիգեն Մաթևոսյանին, ով գյուղում հայտնի է «Պոշոլանց Վիգեն» մականվամբ, ինչից հետո վերջինս էլ, ըստ նախնական տեղեկությունների, վրեժխնդիր լինելու նպատակով գյուղամիջում դեռևս չպարզված հրազենից կրակել է Է. Մելիքսեթյանի վրա։ 

 

Կայքի տեղեկություններով՝ վիրավոր Է. Մելիքսեթյանը Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի ավագանու անդամ է։