Հայ սնոուբորդիստը ոսկե մեդալ է նվաճել պարալիմպիկ խաղերում
Խանտի Մանսիյսկում ընթացող «Մենք միասին ենք. սպորտ» միջազգային պարալիմպիկ խաղերի սնոուբորդի մրցումներում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչ Լուսինե Կարապետյանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն։
Լուսինե Կարապետյանը լրագրողներին պատմել է, որ Խանտի Մանսիյսկի խաղերն իր կարիերայի ամենալուրջ մրցումներից են եղել, հիմա վայելում է հաղթանակի բերկրանքը։
«Այստեղ վազքուղին բավականին բարդ է, մենք նման ճանապարհներով դեռ այդքան էլ շատ չենք սահել, - ասել է նա։ - Սա ինձ համար ամենալուրջ մրցումներից մեկն էր, և ես միանգամից մեդալ նվաճեցի։ Ես հիմա լի եմ վառ հույզերով»։
Նա ասել է, որ իր ելույթի մասին իմացել է մեկնարկից երեք օր առաջ։
«Ես շոկի մեջ էի։ Բայց մեզ այստեղ մեծ ուրախությամբ ընդունեցին։ Խանտի Մանսիյսկը գեղեցիկ քաղաք է` ջերմ մարդկանցով։ Շատ համերաշխ թիմ ունենք, ընտանիքի պես, և մենք բոլորս հոգ ենք տանում միմյանց մասին։ Ես նախկինում դահուկներով էի սահում, հետո սնոուբորդը փորձեցի, և ինձ դուր եկավ։ Բոլորովին նոր զգացողություն է. դու վայելում ես ձյան ամեն մի փաթիլն ու յուրաքանչյուր լեռը»:
Խաղերին մասնակցում են նաև Հայաստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Ղազախստանի պարալիմպիկ հավաքականները: