
«Մուրճը տոպրակից չեմ էլ հանել». քաղաքացին պնդում է` «Ազատագրական շարժման» անդամները ստում են

Auroranews-ի խմբագրություն է դիմել քաղաքացի Աբգար Բալբաբյանը, որին մեղադրում են «Ազատագրական շարժման» անդամների վրա մուրճով հարձակվելու մեջ:
Հիշեցնենք` լրագրող, «Ազատագրական շարժման» նախաձեռնողներից Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ մարտի 15-ին անհայտ մի տղամարդ Երևանի Հյուսիսային պողոտայում հարձակում է գործել «Ազատագրական շարժման» անդամներից ոմանց վրա, որոնք ստորագրահավաք էին իրականացնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
«Տեղում ծառայություն իրականացնող ոստիկաններն արագ արձագանքեցին և մեկուսացրին բռնարարին։ Ընդ որում՝ բռնարարի մոտ մուրճ կար»,- հավելել էր Հոխիկյանը:
Աբգար Բալբաբյանը Auroranews-ին պատմեց, որ լուրերը, թե ինքը մուրճով հարձակվել է որևէ մեկի վրա` իրական չեն: Մեզ հետ զրույցում քաղաքացին նշեց, որ շաբաթ օրը` մարտի 12-ին, մեկնաբանություն է գրել իրավապաշտպան, «Ազատագրական շարժման» պատասխանատու Վահագն Չախալյանի ֆեյսբուքյան գրառման տակ:
Նույն օրը Չախալյանը նրա հետ հանդիպում է պահանջել, քաշքշուկ է տեղի ունեցել: Ճշտող հարցին` արդյո՞ք մեկնաբանությունը պարունակում էր վիրավորանք կամ հայհոյանք, վերջինս պատասխանեց, որ ոչ` պարզապես իր անհամաձայնությունն է հայտնել, իր տեսակետը նշել, որն էապես տարբերվում էր Չախալյանի տեսակետից:
«Երեքշաբթի օրը աշխատանիքից տուն վերադառնալիս Հյուսիսային պողոտայում պատահամաբար Չախալյանին տեսա: Մոտեցա նրան, քաշքշուք տեղի ունեցավ: Մոտս, տոպրակի մեջ աշխատանքային գործիքներս էին, որոնց թվում նաև արդեն այդքան հայտնի դարձած մուրճը: Տեղեկությունները, թե ես մուրճով հարձակվել եմ որևէ մեկի վրա` իրականության հետ ամենևին կապ չունեն: Մուրճն իմ աշխատանքային մյուս գործիքների հետ մոտս է եղել, բայց այն տոպրակից չեմ էլ հանել», - պատմեց նա` ընդգծելով, որ շինարարությամբ է զբաղվում և նման գործիքներ հաճախ են իր մոտ լինում:
Քաղաքացու խոսքով` միջադեպը որևէ կապ չի ունեցել ստորագրահավաքի հետ:
Նշենք, որ քաղաքացու աչքի տակ կապտուկ կար: Բալբաբյանը պատմեց, որ դա եղել է շաբաթ օրը տեղի ունեցած վեճի արդյունքում:
Այս պահին ոստիկանությունը պարզում է դեպքի մանրամասները: