Արցախի ԱԳՆ-ն` Շուշիում անցկացված միջոցառման մասին

Արցախի արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառման անցկացումը Շուշիում։ Արցախի ԱԳՆ-ն նման հայտարարություն է տարածել` անդրադառնալով Ադրբեջանի քայլին։

 

Միաժամանակ, Արցախի ԱԳՆ–ն նշում է, որ Բաքուն, իր ոճին համահունչ, շարունակում է ապակառուցողական քաղաքականությունը՝ ուղղված Արցախի նկատմամբ իր ագրեսիայի արդյունքների օրինականացմանը՝ փորձելով այդ գործընթացում ներգրավել և օգտագործել նաև միջազգային հանրությանն ու տարբեր կառույցների։ Եվ այդ քաղաքականության հերթական դրսևորում է Միավորված ազգերի կազմակերպությանը Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության կազմակերպումը Արցախի օկուպացված Շուշի քաղաքում և միջոցառմանը ՄԱԿ-ի, նրա կառույցների ներկայացուցիչների մասնակցությունը։

 

«ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությունը Ադրբեջանի ագրեսիայի և հայատյացության գլխավոր թիրախներից մեկը հանդիսացող բնակավայրում կազմակերպվող միջոցառմանը հակասում է միջազգային այս հեղինակավոր կազմակերպության գործունեության հիմնադրույթներին, գաղափարախոսությանն ու առաքելությանը։ Սա, անկասկած, օգտագործվելու է Ադրբեջանի կողմից իր մարդատյաց և ագրեսիվ քաղաքականության լեգիտիմացման նպատակով»,–ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։

 

Նշվում է նաև, որ սա նաև լուրջ հարված է ՄԱԿ-ի հեղինակությանը, ինչը բացասական ազդեցություն կունենա կազմակերպության աշխատանքների արդյունավետության վրա։

 

Նշենք, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը թվիթերյան իր էջում գրել է, որ «ՄԱԿ-ի դրոշը կծածանվի ազատագրված Շուշիում»։ Նրա խոսքով` ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակը կնշեն Շուշիում այդ կազմակերպության կառույցների հետ։

Քաղաքականություն