ՊՆ-ի հայտարարությունը զարմանալի էր ինձ համար. Փարսյանը՝ Ներքին Հանդում ադրբեջանցիների առաջխաղացման մասին
Երեկվանից տարբեր լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ Ադրբեջանի զինվորականները մոտ 1 կմ առաջ են եկել ու հինգ վրան ամրացրել։
ArmDaily.am-ի հետ զրույցում Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանն ասել է, որ Ներքին Հանդի բնակիչների ահազանգը համապատասխանում է իրականությանը։
«Գյուղացիների ասածը իրականություն է՝ գյուղացիներն են ճիշտ ասում։ Մոտ 800 մետր Հայաստանի տարածք ներթափանցում են իրականացրել։ Ու դա նկատվեց մեր կողմից մարտ ամսվա սկզբին»,- ասել է Փարսյանը։
Լրատվականիչ հարցին՝ արդյո՞ք դա ադրբեջանցիների ինքնագործունության հետևանք է, ասաց, որ ամենայն հավանականությամբ՝ այո, ադրբեջանցիների ինքնագործունեության հետևանք է։
Փարսյանը նշել է, որ այս առաջխաղացմամբ Կապան-Մեղրի միջպետական ճանապարհը վտանգի տակ չի դրվում՝ այդ առումով Կապան Մեղրի ճանապարհի նկատմամբ վերահսկողություն չունեն և այդ դիրքն այդ նշանակությունը չունի։
«Տեղի բնակիչների համար ադրբեջանցիների առաջխաղացումը լուրջ խնդիրներ է ստեղծում անասնապահության առումով, այն տարածքները, որտեղ գյուղացիները անասնապահությամբ էին զբաղվում՝ հիմա այդ տարածքները ադրբեջանցիների վերահսկողության ներքո են գտնվում և այլ խնդիրներ էլ է առաջացնում Ներքին Հանդի համար, որի մասին չեմ ուզում բարձրաձայնել, որպեսզի թշնամին այդ մասին չտեղական»,-ասաց Փարսյանը։
Մեր հարցին, թե ՊՆ-ին ու Կառավարությանը դիմել է ու ինչ պատասխան ստացել, ասաց. «Այսպես ասած՝ բնականաբար ՊՆ-ի հայտարարությունն ինձ համար շատ զարմանալի էր։ Այդ հայտարարության հետ կապված զարմանալի էր, որովհետև այդ հայտարարությունը իրականությանը չէր համապատասխանում և թեկուզ դրա համար կարծում եմ, որ այդ հայտարարության երկու պատճառ կարող է լինել։ Առաջինն այն է, որ դիտավորյալ իրականությունն են խեղաթյուրում և երկրորդն էլ, թեկուզ կարող է ասածս միամիտ հնչի, բայց հնարավոր է, որ տեղեկացված չլինեն։ Իսկ ինչի՞ եմ ասում հնարավոր է, որ տեղեկացված չլինեն, որովհետև այդպես կարծելու հիմքներն ունեմ, որովհետև մի քանի օր առաջ այս ուղղությամբ ամենաբարձաստիճան պատասխանատուին հարց եմ ուղղել դրա հետ կապված և նա գրեթե նույն բովանդակությամբ փորձում էր ինձ ներկայացնել այն ամենը, ինչ որ ՊՆ-ն հայտարարեց։ Եվ այստեղ ինձ մոտ այն կարծիքն է ձևավորվում, որ միգուցե այդպես են զեկուցել, ինձ մոտ նման կարծիք է ձևավորվել, որ այստեղի պատասխանատուն կարող է այդպես զեկուցած լինի ՊՆ-ի իր վերադասին։ Դրա համար եմ ասում, որ նման հայտարարության երկու պատճառ կարող է լինել՝ կամ դիտավորյալ իրականությունը աղավաղում են կամ տեղեկացված չեն։ Իսկ ինչի՞ տեղեկացված չեն՝ հնարավոր է սխալ լինի զեկուցված, որովհետև ինձ էլ էին փորձում այդպես ներկայացնել»,- ասել է Փարսյանը։
Մեր հարցին, որ պարբերաբար այցելում է Ներքին Հանդ, ինչպիսի՞ն է բնակիչների հոգեբանական վիճակը, ասաց, որ Ներքին Հանդ այցելում են նաև իր տեղակալները՝ հատկապես անվտանգության գծով տեղակալն ու խորհրդականը, անընդհատ հանդիպումներ են ունենում բնակիչների հետ։
«Բնականաբար անհանգստացած են»,- եզրափակել է Գևորգ Փարսյանը։
Հիշեցնենք՝ Պաշտպանության նախարարությունից Auroranews-ի հետ զրույցում կտրականապես հերքել էին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առաջխաղացման մասին շրջանառվող լուրերը։ Գերատեսչությունից հավելել էին՝ նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք, կահավորված չլինելու պատճառով, ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։
«Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր։ Ոչ մի առաջխաղացման մասին խոսք լինել չի կարող։ Ինչպես սահմանի այդ, այնպես էլ մնացած բոլոր հատվածներում ՀՀ զինված ուժերը լիարժեք կատարում է իր առջև դրված խնդիրները, այդ թվում նաև՝ մշտադիտարկում ադրբեջանական ԶՈՒ ցանկացած շարժ և վերահսկողության տակ պահում իրադրությունը»,- նշել էին ՊՆ-ից։