Քաղաքացին 3000 դրամ է գցել պարեկի ծառայողական մեքենայի նստատեղին
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Թելման Հարությունյանը փորձել է կաշառք տալ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար: Այս մասին հաղորդում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն:
Մասնավորապես, 2022 թվականի հունվարի 24-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գումարտակի պարեկները կանգնեցրել են վարորդական վկայականի վավերականության ժամկետը լրացած երթևեկող Թելման Հարությունյանի ավտոմեքենան: Պարեկների կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն չկազմելու համար Թ. Հարությունյանը նրանց կաշառք տալու նպատակով գրպանից գումար է հանել, սակայն վերջիններս մի քանի անգամ զգուշացրել են վարորդին, որ արգելվում է ոստիկանության աշխատակիցներին կաշառք տալը` բացատրելով, որ դա քրեորեն հետապնդելի արարք է: Չնայած նախազգուշացումներին` Թ. Հարությունյանը, այդուհանդերձ, պարեկների կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու ընթացքում ոստիկանների ծառայողական ավտոմեքենայի բաց պատուհանից որպես կաշառք ավտոմեքենայի դիմացի նստատեղին է գցել երեք հատ 1.000 ՀՀ դրամանոց թղթադրամներ, ինչից հետո կաշառք տալու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին:
Պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք տալու համար Թելման Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հաշվի առնելով վերջին շրջանում հաճախ արձանագրվող` ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք տալու կամ առաջարկելու դեպքերը, կրկին հիշեցնում ենք, որ կաշառք տալը, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի, համարվում է քրեորեն հետապնդելի արարք, որի համար նախատեսված է ընդհուպ մինչև 3 տարի ժամկետով ազատազրկում, ուստի հորդորում ենք զերծ մնալ նման արարքներ կատարելուց և դրսևորել իրավաչափ վարքագիծ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկն արձանագրել է ընտանիքի 5 անդամների կյանքը խլած ողբերգական ավտովթարի պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է երեկ՝ փետրվարի 20–ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի սկզբնամասում...
Գրպաններիս մեջ նաև սիգարետի մնացուկ եմ հավաքում․ Ավանի փոխթաղապետը՝ միջադեպի մասին
Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, ՔՊ-ական Ներսես Պողոսյանը Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանում է, թե որտեղից են ի...
Խոշոր հրդեհ՝ Երևանում. Nissan-ում առաջացած կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից
Այսօր՝ փետրվարի 28-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարությա...
Գյումրու կենտրոնում 35-ամյա տղամարդու սպանության համար որոնվում է 3 անձ, 2-ը հարազատ եղբայրներ են
Պարզել են փետրվարի 27-ին Գյումրի քաղաքում Գյումրու բնակիչ Վ. Հարությունյանի սպանության դեպքի որոշ մանրամասներ։ &nbs...