Քաղաքականություն

Փաշաևների կլանի հերթական հաջողությունը՝ Ադրբեջանում. ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան

Lilit A. 667 դիտում
Փաշաևների կլանի հերթական հաջողությունը՝ Ադրբեջանում. ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան

«Ադրբեջանի քաղաքական դաշտում «գորշ կարդինալ» անվան տակ հայտնի Ռամիզ Մեհտիևը այսօր հրաժարական է ներկայացրել Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահի պաշտոնից: Նա իր հրաժարականի տեքստում հայտարարել է, որ այսուհետ նստելու է տանը և գրքեր է գրելու:

Առաջին հայացքից անկարևոր այս լուրը հետաքրքիր նյուանսեր է պարունակում: 84-ամյա Մեհտիևը Նախիջևանյան կլանի առաջնորդն է, ով 1994–ից մինչև 2019 թվականը զբաղեցրել է Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Իլհամ Ալիևի կառավարման առաջին տարիներին ընդունված էր համարել, որ Մեհտիևն է փաստացի ղեկավարել երկիրը:

 

ՖԲ գրել է ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: 

 

Մեհրիբան Ալիևան՝ 2017 թվականին առաջին փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո արշավ սկսեց Մեհտիևի և Նախիջևանյան կլանի այլ ներկայացուցիչների դեմ: Դա կլանային պայքար էր, որի շնորհիվ Փաշաևները նոր լծակներ ձեռք բերեցին պետական համակարգում: Արդյունքում, 2019–ին Մեհտիևը հրաժարական տվեց՝ իր տեղը զիջելով Փաշաևների կլանի երիտասարդ կադրին: Այդուհանդերձ, Մեհտիևը արժանացավ պարգևների Իլհամ Ալիևի կողմից և ուղարկվեց վաստակած հանգստի՝ զբաղեցնելով ԳԱԱ Նախագահի պաշտոնը:

Երկար ժամանակ Մեհտիևի թեման համարվում էր փակված, սակայն օրեր առաջ անսպասելիորեն նոր արշավ մեկնարկեց Մեհտիևի դեմ, որի ժամանակ Միլլի Մեջլիսի պատգամավորներից մեկը նշեց՝ «Մեհտիևը հայկական ընտանիք ունի, և նա մշտապես ծառայել է հայերին և նրանց ռազմավարական նպատակներին»:

 

Սա աննախադեպ մեղադրանք է 25 տարի պետական բարձր պաշտոն զբաղեցրած, «գորշ կարդինալ» մականունով հայտնի Մեհտիևի նկատմամբ, ով, ի դեպ, իր «գիտական» աշխատություններում և հանրային խոսքում ակնհայտ կեղծարարությամբ է զբաղվում՝ հատկապես հայերի հետ առնչվող դրվագներում: Ուստի, հայերի շահերը սպասարկելու մեջ մեղադրելու իրական որևէ առիթ չկա, փաստերը խոսում են նրա ընդգծված հակահայկականության մասին:

Բայց հայ լինելու մեջ մեղադրելը լավ և վճռական միջոց է Ադրբեջանում մարդուն «անարգելու» համար: Մեհտիևը դրանից երկու օր անց հրաժարական տվեց: Արդեն քննարկվում է, թե արդյոք առաջիկայում կձերբակալեն 84–ամյա Մեհտիևին:

Պատահական չէ, որ պատերազմից հետո Ալիևի բոլոր այցերի ժամանակ նրան գերազանցապես ուղեկցում է «կամուֆլյաժ» համազգեստով նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան, այլ ոչ թե որևէ զինվորական բարձրաստիճան ներկայացուցիչ: Սա Փաշաևների կլանի հերթական հաջողությունն է արձանագրում Ադրբեջանում»:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250