Մանկապարտեզում երեխային բռնության ենթարկելու դեպքի առիթով քրգործ է հարուցվել

Մանկապարտեզում երեխային բռնության ենթարկելու դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել։ Այս մասին լրատվականներին հայտնեցին ոստիկանությունից։

Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր․ օր․-ի 119-րդ հոդվածի հատկանիշներով` ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով։

 

Հիշեցնենք, որ Երեւանի մանկապարտեզներից մեկում ազգությամբ պակիստանցի հայր ու հայուհի մայր ունեցած երեխայի հետ կատարվածի վերաբերյալ, որը զայրույթի ալիք է բարձրացրել: Ոստիկանությունից Auroranews-ի հետ զրույցում հաստատել են, որ իսկապես մանկապարտեզներից մեկում դայակների և դաստիարակների կողմից երեխային բռնության ենթարկելու մասին հաղորդում է ստացվել: 

 

Քանի որ մամուլում տարածվել է այն տեղեկությունը, որ խոսքը 124 մանկապարտեզի մասին է, Aravot.am-ը հեռախոսով կապվել է մանկապարտեզի նորանշանակ տնօրեն Ռուզաննա Լադոյանի հետ: 

 

«Ծնողը դիմել է ոստիկանություն, իրականում բոլորիս է հետաքրքիր: Դրանով զբաղվում են ոստիկանները, այս պահին անչափահասների գծով համապատասխան բաժինը, գնում է քննություն, տեղյակ է նաեւ Երեւանի քաղաքապետարանը: Մեզ համար էլ է հետաքրքիր՝ իրականում ինչ է կատարվել, կամ չի կատարվել, մենք էլ սպասում ենք: Իրականության հետ որեւէ աղերս չունեցող դեպք է, բայց եթե գործը ոստիկանությունում է, ինչպես ես, այնպես էլ մյուս աշխատակիցները, սպասում ենք տեսնենք, թե ինչ կպարզեն»,- ասել է 124 մանկապարտեզի տնօրենը:

 

Լրատվականը հետաքրքրվել է՝ երեխայի ծնողը ինչպես է հարաբերվել մանկապարտեզի աշխատակիցների հետ, ունեցե՞լ է որեւէ խնդիր: Տնօրենը պատասխանեց, որ մանկապարտեզի նախկին տնօրենի մահանալուց հետո է ինքը նշանակվել, եւ ոչնչից տեղյակ չէ: «Ես նոր եմ նշանակվել եւ որեւէ հարցով չեմ առնչվել ծնողի եւ երեխայի հետ, դրա համար ձեր հարցերին չեմ կարող պատասխանել»,- ասել է տիկին Լադոյանը:
 

Քաղաքականություն