ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սայաթ Շիրինյանը կասկածվում է Մարտունիում սրճեփ գողանալու մեջ

Ոստիկանության պահեստազորի գնդապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանը, որը այսօր բերման էր ենթարկվել Գեղարքունիքի մարզի Մարտունու վարչություն, լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրեն կասկածում են սրճեփ գողանալու մեջ։

«Ոստիկանության ղեկավարներն այնքան տգետ են, որ անգամ «գործ սարքել չգիտեն»։ Ես կասկածվում եմ նախորդ տարվա օգոստոսին Մարտունիում սրճեփ գողանալու մեջ: Շիրինյանն ո՞ւր, Մարտունիում սրճեփի գողությունն ո՞ւր: Ես Մարտունիում վերջին անգամ եղել եմ 1997 թվականին: Բա այդ տգետները չեն ասել՝ գոնե լուրջ բան մտածենք»,- ասել է Սայաթ Շիրինյանը:

2020-ին ոստիկանությունում հարուցվել էր գործ, առ այն, որ օգոստոսի 26-ին Մարտունու Ներքին Գետաշեն գյուղից հափշտակվել է սրճեփ սարք: Նախորդ տարի գործը կասեցվել էր հանցանքը կատարած անձի անհայտ լինելու հիմքով:

«Այսօր ոստիկանությունից քննչական կոմիտե գրություն են հասցեագրում, որ սարքը հնարավոր է գողացված լինի մեքենայով, որը շահագործվում է Սայաթ Շիրինյանի կողմից: Պարոն Շիրինյանին հարցաքննեցին վկայի կարգավիճակով, մենք տվեցինք ցուցմունքներ, որ տեղյակ չենք սրճեփից, ոչ էլ Ներքին Գետաշեն գյուղի գտնվելու վայրից», - լրագրողների հետ զրույցում ասել է Շիրինյանի պաշտպան Բենիկ Գալստյանը:

 

Հիշեցնենք՝ այսօր երեկոյան դիմակավորված անձինք բերման են ենթարկել Սայաթ Շիրինյանին իր տան բակից։ Նրա պաշտպանը և ընտանիքը երկու ժամից ավելի չեն իմացել նրա գտնվելու վայրը, ապա պարզ է դարձել, որ Շիրինյանին տեղափոխել են Գեղարքունիքի Մարտունու ոստիկանության բաժանմունք։

Քաղաքականություն