Ոստիկանները պարզել են, թե ով է ռումբի մասին կեղծ ահազանգ տվել
Արմավիրի մարզի Փարաքար համայնքի մշակույթի տանը տեղադրված ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը 41-ամյա կին է եղել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը երեկ, ժամը 09:21-ին ահազանգ էր ստացել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի մշակույթի տանը պայթուցիկ սարք է տեղադրված։ Դեպքի վայր էին մեկնել ոստիկանության օպերատիվ և ԱԻՆ փրկարարական խմբերը։ Փարաքար համայնքի մշակույթի տանը և հարակից տարածքի զննությամբ պայթուցիկ նյութեր և սարքեր չէին հայտնաբերվել:
«Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է փրկարար ծառայություն զանգած անձի ինքնությունը։ Ժամը 12.45-ին 41-ամյա կինը հայտնաբերվել է Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում և բերման ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն»,– նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։






























