Պապիկյանը իրեն, փոխնախարարներին, ԳՇ պետին պարգեվավճար է բաժանել․ «Փաստինֆո»
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ԶՈՒ և ՊՆ ողջ անձնակազմը պարգևավճար է ստացել, սակայն գերատեսչությունը պարգեվավճարի չափի մասին տեղեկությունը համարում է պետական ու ծառայողական գաղտնիք։
«Փաստինֆո»-ն դեռևս դեկտեմբերի 28-ին գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարություն՝ տեղեկանալու, թե ՊՆ աշխատակազմը դեկտեմբեր ամսին պարգեվավճար ստացե՞լ է, թե ոչ։ Խնդրել էինք հայտնել՝ ե՞րբ են փոխանցել և որքա՞ն։ Բացի այդ` հետաքրքրվել էինք, թե աշխատակազմն արդյոք ամբողջությամբ ստացել է դեկտեմբեր ամսվա աշխատավարձը:
Պարզվեց, որ ի տարբերություն պայմանագրային զինծառայողների` ՊՆ աշխատակազմի դեկտեմբեր ամսվա աշխատավարձն ամբողջությամբ փոխանցվել է դեռեւս դեկտեմբերի 20-ին, ամիսը չավարտված:
Բացի այդ, ՊՆ-ից հավելել են, նաեւ Սուրեն Պապիկյանը հրամաններ է ստորագրել պարգեւավճարներ հատկացնելու մասին:
Ընդ որում` պարգեւավճար ստացողների մեջ է նաեւ ինքը` Պապիկյանը, որն ընդամենը 1,5 ամիս է, ինչ պաշտոնավարում է որպես պաշտպանության նախարար, բայց դա չի խանգարել, որ նա ինքն իրեն պարգեւատրի` մեկ տարվա «լավ» աշխատանքի համար:
Սակայն ՊՆ-ն գաղտնիք է համարել հատկացված պարգեւավճարների չափը: Հարցին որքան է կազմել հատկացված պարգեւավճարների գումարը, նրանց թվում` նախարարի, փոխնախարարների ու ԳՇ պետի պարգեւավճարի գումարը` ՊՆ-ից հրաժարվել են պատասխանել` այն համարելով ծառայողական, պետական գաղտնիք:
«Հիմք ընդունելով «Տեղեկատվական ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 13․03․1998 թվականի Ն 173 որոշմամբ հաստատված ցանկի 4-րդ և 5-րդ կետերի պահանջները, Ձեր հարցման 1-ին կետի 2-րդ մասի հարցի վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը մերժվում է»,- պատասխանել են ՊՆ-ից ու ավելացրել, թե «Պաշտպանության նախարարը, փոխնախարարներն ու ԶՈՒ ԳՇ պետը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն համարվում են հայտարարատու պաշտոնատար անձինք ու ներկայացնում են գույքի ու եկամուտների տարեկան հայտարարագիր»։
Հիշեցնենք, որ պայմանագրային զինծառայողների դեկտեմբեր ամսվա հավելավճարներն այդպես էլ դեկտեմբերին չի փոխանցվել. ՊՆ-ն հայտարարել է, թե գումարը փոխանցվելու է հաջորդ ամսվա սկզբին, ինչպես սահմանված է օրենքով, սակայն այդ կարգավորումները չեն խանգարել, որ նախքան ամանորը նախարարը իրեն ու մյուս պաշտոնյաներին բաժանի պարգեւավճար ու աշխատավարձն ամբողջությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հայտարարություն է տարածել. ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կմեկնեն Ղազախստան
Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխ...
Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ-ի նախագահությունը
Հայաստանը ստանձնել է 2022 թ. նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)։ Տաջիկստանից...
ՀՐԱՏԱՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց
Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել ՀԱՊԿ հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց և հերթական անգամ ելույթ ունեցավ:...