«Եթե հարցը դնում ենք հայրենասիրության տեսանկյունից՝ ավելի կարևոր է այն հարցը, թե ինչո՞ւ Հայաստանում թուրքական ապրանքների նկատմամբ պահանջարկ կա». Բաբկեն Թունյան
Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը երկարաձգելու տնտեսական նպատակահարմարության վերաբերյալ Հայաստանում վերջնական որոշակի տեսակետ չկա: Այդուհանդերձ, կառավարությունը որոշում է կայացրել հանելու արգելանքը՝ հաշվի առնելով բոլոր կողմ և դեմ կարծիքները:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին պարզաբանեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը՝ նշելով, որ արգելքն, ըստ էության, չէր ծառայում իր նպատակին, քանի որ թուրքական ապրանքները, միևնույն է, զարտուղի ճանապարհներով հասնում էին Հայաստան՝ գտնելով իր սպառողին և խթանելով շատ ապրանքատեսակների գնաճը:
«Եթե հարցը դնում ենք հայրենասիրության տեսանկյունից՝ ավելի կարևոր է այն հարցը, թե ինչո՞ւ Հայաստանում թուրքական ապրանքների նկատմամբ պահանջարկ կա: Եթե համեմատում ենք 44-օրյա պատերազմի վիճակի հետ, երբ բոլորը համատարած բոյկոտում էին թուրքական ապրանքները, հիմա պիտի հասկանանք՝ ի՞նչն է պատճառը, որ մարդիկ նորից ցանկանում են գնել թուրքական ապրանքներ: Եթե ինչ-որ մի ապրանքի պահանջարկը կա՝ այդ ապրանքը, միևնույն է, գտնելու է իր շուկան և հասնելու է իր սպառողին՝ լինի զարտուղի ճանապարհով, թե ավելի թանկ գնով: Դրա համար արհեստականորեն ինչ-որ բան անելը ճիշտ չէ: Եթե այդ էմոցիոնալ մասը դնում ենք մի կողմ՝ պիտի գնահատենք դրա նպատակահարմարությունը տնտեսական առումով», - ասաց Բաբկեն Թունյանը:
Վերջինս շեշտեց, որ թուրքական ապրանքատեսակները ամբողջությամբ չէին արգելվել, արգելվել էին միայն վերջնական սպառման ապրանքները: Օրինակ, եթե թուրքական արտադրության հագուստն արգելվել էր, ապա կտորը, կոճակը և մյուս պարագաները, որոնցով կարում են այդ հագուստը, ներմուծվում էին, դրանցով պատրաստվում էր հագուստ, ու քանի որ ընդհանուր գինը բարձրացել էր՝ այդ թանկ գնով վաճառվում էր Հայաստանում:
«Ուստի, ցանկացած պարագայում, պիտի վերլուծություն արվի՝ հաշվի առնելով բոլոր դրական ու բացասական կողմերը», - հավելեց Բաբկեն Թունյանը:
Հիշեցնենք` թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան արգելվել էր 2020 թ. դեկտեմբերի 31-ից՝ Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ ջանքերով սանձազերծված Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 20-ին, ՀՀ կառավարության ընդունած որոշմամբ: