
21-ամյա վարորդը ГАЗ 3102-ով բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել Աղստև գետում. դին դուրս են բերել Իջևանի հրշեջ-փրկարարները

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 21-ամյա Անուշավան Գևորգյանը իր վարած ВАЗ 3102 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 135-րդ կմ հատվածում, դեպի Իջևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել Աղստև գետում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Գևորգյանը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, օգտագործելով հատուկ ճոպաններ:
Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչներ Հայկ Մելիքսեթյանն ու Համբարձում Չոբանյանը, որպեսզի ժամանի վերամբարձ կռունկը և այն դուրս բերեն գետից: Քննիչի հանձանարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: