ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում բացահայտվել են թմրամիջոցների իրացման դեպքեր․ մի խումբ անձինք ձերբակալվել են
Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների տվյալներ են ձեռք բերել, որ Երևանում բնակվող 34 և 35-ամյա տղամարդիկ զբաղվում են տարբեր տեսակի թմրամիջոցների իրացմամբ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Դեկտեմբերի 7-ին գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Կենտրոնական բաժնի և ՃՈ ուղեկցող հատուկ վաշտի ծառայողների հետ մայրաքաղաքի տարբեր թաղամասերում նախ հայտնաբերել և կասկածանքով բերման են ենթարկել վերը նշված տղամարդկանցից թմրամիջոցներ ձեռք բերած անձանց։
Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մեթամֆետամին։ Բերման ենթարկվածներից ոմանք ձերբակալվել են:
Նույն օրը գիշերը հայտնաբերվել ու բերման են ենթարկվել 34 և 35-ամյա տղամարդիկ։ Նրանցից կրտսերի խուզարկությամբ հայտնաբերվել է հերոին, իսկ մյուսի խուզարկությամբ՝ մեթամֆետամին։
Հարուցված քրեական գործի շրջանակներում դեկտեմբերի 10-ին խուզարկություն է կատարվել 34-ամյա տղամարդու՝ Սարյան փողոցում վարձած բնակարանում: Հայտնաբերվել են տարբեր քաշերով հաշիշ, մեթամֆետամին, մարիխուանա, գազային ատրճանակ և այլն։
Նշանակվել են փորձաքննություններ։ 34 և 35 տարեկան տղամարդիկ ձերբակալվել են։ Նախաքննությունը շարունակվում է։