Իրանը կտրականապես դեմ է սահմանների ցանկացած փոփոխությանը․ Իրանի ԱԳ նախարար
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտնել է, որ Իրանը կտրականապես դեմ է տարածաշրջանի երկրների սահմանների ցանկացած փոփոխությանը, գրում է Tasnim news-ը։ Չորեքշաբթի իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում Ամիր Աբդոլլահիանը վերահաստատել է տարածաշրջանի երկրների սահմանների ցանկացած փոփոխությանը Իրանի մերժման քաղաքականությունը, մտահոգություն հայտնել կովկասյան տարածաշրջանում վերջին ռազմական հակամարտությունների կապակցությամբ և կոչ է արել զսպվածություն ու հարգանք ցուցաբերել տարածքային ամբողջականության նկատմամբ։ Կոչ անելով ընդլայնել Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները բոլոր բնագավառներում՝ Ամիր Աբդոլլահիանը հայտնել է իրանական ընկերությունների պատրաստակամությունը՝ ամրապնդելու իրենց ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում։ Նա նաև հույս է հայտնել, որ համատեղ տնտեսական հանձնաժողովը կանցկացվի հնարավորինս շուտ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Միրզոյանն իր հերթին անդրադարձել է երկկողմ հարաբերությունների առաջարկվող ճանապարհային քարտեզին, որը կարևորվել է վերջերս Թեհրան կատարած այցի ժամանակ, և պատրաստակամություն հայտնել Իրանի հետ առևտրային հարաբերությունների ընդլայնման նպատակով համատեղ տնտեսական հանձնաժողով ստեղծել։ Նա նաև բարձր է գնահատել Իրանի դիրքորոշումը երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու հարցում և ընդգծել Երևանի վճռականությունը՝ Իրանի հետ հարաբերությունները խթանելու հարցում, ասված է Իրանի կառավարության կայքում տարածված հաղորդգրության մեջ։