Քարտեզը միայն այսբերգի գագաթն է. այն մահացու է Ռուսաստանի համար. Свободная Пресса

Թուրքիայի «Ազգայնական շարժում» խորհրդարանական կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նվիրել է թյուրքական աշխարհի քարտեզը, որն ընդգրկում է Ռուսաստանի տարածքի զգալի մասը։ Այս մասին գրում է Свободная Пресса-ն:


Լրատվամիջոցը զրուցել է փորձագետների հետ, որոնք նշել են, որ Ռուսաստանը նման քարտեզի հայտնվելու փաստին պետք է շատ լուրջ վերաբերվի: Այն արտահայտում է պանթուրքիզմի գաղափարախոսությունը, որն ավելի ու ավելի է ամրապնդում իր դիրքերը Թուրքիայում։ Եվ եթե այսօր Անկարան գործում է փափուկ ուժով՝ վերականգնելով «թյուրքական աշխարհը», ապա ապագայում կարող է օգտագործել այլ գործիքներ, որոնք կարող են հանգեցնել Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական բախման։

«Թուրքիան ունի զգալի ֆինանսական և նյութական ռեսուրսներ, որոնցով կարող է մեծացնել իր ազդեցությունը հետխորհրդային տարածքում և Ռուսաստանում։ Նրանք ցանկանում են ուժեղացնել իրենց ազդեցությունն այս տարածքում, ստեղծել պանթյուրքիստական աշխարհ և դրա հիման վրա ամրապնդել իրենց դիրքերը Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և աշխարհում»,- նշում  է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի Միջազգային տնտեսական և քաղաքական հետազոտությունների ռուսական արտաքին քաղաքականության կենտրոնի ղեկավար Բորիս Շմելյովը։ 

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի  գիտաշխատող Վիկտոր Նադեին Ռաևսկին էլ անդրադառնալով հարցի ուժային մասին, ասել է, որ թուրքերն արդեն ստացել են հետխորհրդային տարածքում ակտիվ գործողությունների առաջին փորձը։ Ամբողջ գործողության թուրքական կառավարման շնորհիվ նրանք հասան ակնհայտ հաջողությունների և հաղթեցին Հայաստանին Լեռնային Ղարաբաղում։ Կարող եմ այդպես ասել, քանի որ հայկական բանակը չհատեց Ղարաբաղի սահմանները։

Ուստի քարտեզը միայն այսբերգի գագաթն է: Սա շատ վտանգավոր երևույթ է, և այս ծրագիրն արդեն մեծ մասամբ իրականացվել է։ Բայց մեր թյուրքական հանրապետություններում, ինչպես նաև նորանկախ պետություններում Ռուսաստանի և ռուսաց լեզվի դիրքերն ամրապնդելու փորձի փոխարեն, մենք ամեն ինչ բարձիթողի վիճակում ենք թողել, և թուրքերը լավ օգտագործեցին դա։

Արդյոք դա վտանգավո՞ր է Ռուսաստանի համար. այո՛, դա մահացու է, քանի որ դրանից է կախված ռուսական պետության գոյատևումը»,- եզրափակել է նա:

 

Հիշեցնենք, որ «Գորշ գայլերի» առաջնորդ Բահչելիի և Էրդողանի հանդիպումից հետո հրապարակվել է քաղաքական գործիչների լուսանկարը, որտեղ նրանք կանգնած են՝ շրջանակված քարտեզը բռնած: Քարտեզի վրա Ռուսաստանի Դաշնության գրեթե 20 բաղկացուցիչ սուբյեկտներ Դաղստանից մինչև Օրենբուրգի մարզ, ներառյալ Սիբիրի զգալի մասը վերագրվել են «թյուրքական աշխարհին»։ 

 

Քարտեզի վրա Թուրքիան, Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը ներկված են կարմիր։ Բալկանյան թերակղզու որոշ երկրներ, Իրանի մի հատվածը, Ռուսաստանի հարավային շրջանները, ինչպես նաև Սիբիրի և Արևմտյան Մոնղոլիայի մեծ մասը նշված են նարնջագույնով, իսկ Ալթայը, Յակուտիան և Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանը նշված են դեղինով: Թե կոնկրետ ինչ են նշանակում այս գույները, հայտնի չէ:

Քաղաքականություն