
Կապանը, Ճակատենը և 4-5 գյուղ կարող են անանցանելի դառնալ. այս պահին այլընտրանքային ճանապարհ չունենք. համայնքապետ

Քիչ առաջ վիդեո տեսա, արդեն ռուս սահմանապահներ չկային, Ադրբեջանից զինվորներ՝ մասկեքով, տնակ էլ կար, բայց էդ տնակը տեղադրելու իմա՞ստը, ի՞նչ է լինելու առավոտ, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել։ Առավոտ, ինձ թվում է, պարզ կլինի: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է Ճակատենի համայնքապետ Արա Հարությունյանը՝ անդրադառնալով Կապան-Ճակատեն ճանապարհին տեղի ունեցողին։
Ըստ նրա՝ Կապան քաղաքը, Ճակատենը և 4-5 գյուղ կարող են անանցանելի դառնալ։ «Եթե անցակետ դրվեց, չգիտեմ՝ ո՞նց ենք անցնելու։ Չգիտեմ՝ անցակետ կդնեն, թե ոչ, բայց դրան է տանում, տնակ ինչո՞ւ են դնում։ Այս պահին այլընտրանքային ճանապարհ չունենք, ընթացքի մեջ է, տեխնիկան բերել են, որ աշխատեն», - հավելել է նա։
Ըստ Հարությունյանի՝ Տաթևից այլընտրանքային ճանապարհ չի կարող լինել, իսկ հնարավոր այլընտրանքային ճանապարհը պետք է լինի Ճակատենի մեկ այլ մասով, սակայն նույնիսկ գրունտային ճանապարհ դեռ չկա դեպի Կապան, «զրոյից» պետք է այն կառուցվի։ «Բայց ե՞րբ կլինի ճանապարհը։ Համակարգչով չես սարքում ճանապարհը, տեխնիկա պետք է աշխատի, չգիտենք՝ երբ կլինի։ Գիտեմ, որ մարդիկ են եկել, Սուրեն Պապիկյանն է եկել, տեխնիկայի մի մասը բերել են, բայց դեռ եղանակային պայմանները խանգարում են։ Դեռ լրիվ թափով չեն սկսել, բայց որ սկսեն, ե՞րբ կվերջացնեն։ Առավոտ կարող է՝ զարթնես, փակ լինի ճանապարհը։ Առավոտ 7 անց կես պարզ կլինի։ Բայց ճանապարհը բաց էր, ես 2 անգամ գնացել-եկել եմ։ Այնպես էլ չէ, որ առաջվա նման 1 հոգի է կանգնած ճանապարհին, գնալուց 4-5 հոգի էին, գալուց՝ 20-ից ավելի։ Դա է ինձ անհանգստացնում, իրենք շատ հանգիստ են», - ասել է Ճակատենի ղեկավարը։