Մեր հերոս զոհված տղերքի անունները ՊՆ-ն այդպես էլ չի հրապարակել. Նազարյանը՝ պաշտպանության նախարարին

«350 օր է անցել նոյեմբերի 9-ից, մեր հերոս զոհված տղերքի անունները ՊՆ-ն այդպես էլ չի հրապարակել, չի տեղեկացրել նաև հուղարկավորման վայրերը»,- Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը դիմեց ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին։

Նազարյանը հետարքրքվեց՝ ինչո՞ւ չեն հրապարակվել նահատակված հերոսների անունները գերատեսչության կայքում։ Պատգամավորը ծնողների անունից պահանջեց, որ մինչև նոյեմբերի 10-ը անունները հրապարակվեն, անգամ պատրաստ է ինքը ցուցակները ստանալուց հետո հրապարակել դրանք։

Պաշտպանության նախարարը նշեց, որ զինծառայողների ապահովագրման հիմնադրամում հրապարակված է ցանկը՝ իրենց տվյալներով ու խնդրեց դրանք ուսումնասիրել։ Պատգամավորը արձագանքեց՝ գիտի էլեկտրոնային կայքի տեղը։Հետարարքվեց՝ ինչո՞ւ նախարարությունը ինքը չի հրապարակում ու տրամադրում ցուցակները։ Նազարյանը խնդրեց դրանցում նշել, թե որտեղի՞ց են զորակոչվել ու որտե՞ղ են հուղարկավորվել։

«Ճիշտն ասած չեմ կարծում, որ դուք մտածում եք, որ հիմնադրամում հրապարակված թղթերը ՊՆ-ն չէ տրամադրել։Մենք այդ տարբերակով ենք գտել անհրաժեշտ աշխատել»։

Նախարարը նշեց, որ կքննարկեն պատգամավորի առաջարկը, որոշումը կայացնելուց հետո կհայտարարեն։

Քաղաքականություն