
Ընդհանուր գնաճը 8,9 տոկոս է, բայց սննդամթերքինը, իհարկե, ավելի բարձր. Վահան Քերոբյան

Ընդհանուր գնաճը 8,9 տոկոս է, բայց սննդամթերքինը, իհարկե, ավելի բարձր։ Մենք, իհարկե, շատ անհանգստացած ենք, որովհետև մեր աշխատանքի արդյունքը պետք է լինի մարդկանց ավելի լավ ապրելը, իսկ գնաճը, կարելի է ասել, խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ վստահեցնելով, որ գնաճի դեմ իրենք պետք է պայքարեն և պայքարում են։
Վահան Քերոբյանը որպես գնաճի դեմ իրենց կիրառած գործիքակազմ՝ նշեց «կոնսուլտացիաները տարբեր երկրների հետ»։
«Անընդհատ կոնսուլտացիաների մեջ ենք մեր գործընկեր երկրների հետ՝ առաջին հերթին ԵԱՏՄ գործընկերների, նաև Ուկրաինայի և Հարավամերիկյան երկրների հետ, որպեսզի կարողանանք ՀՀ տնտեսվարողներին ապահովել ցածր գներով կամ նորմալ գներով ապրանքներով և հումքով, ինչը թույլ կտա մեղմել գնաճը», - ասաց նա։
Իրենց գործիքակազմի արդյունավետության մասին Վահան Քերոբյանը չխոսեց, սակայն մտահոգություն հայտնեց գնաճը զսպելու ԿԲ-ի կիրառած գործիքակազմի առնչությամբ։
«Երբեմն այդ գործիքակազմը սկսում է վտանգել կամ վնասել տնտեսության՝ մեզ համար շատ կարևոր ճյուղերը, օրինակ՝ արտահանմանը։ Գիտեք, որ արտարժույթի փոխարժեքը վերջին մի քանի տարվա, երևի, ամենացածր կետի վրա է, և դա մեզ, ինչպես նաև մեր արտահանողներին, շատ է անհանգստացնում», - ասաց Քերոբյանը՝ ԿԲ-ից ակնկալելով, որպեսզի չվտանգի արտահանման ոլորտը։