
Ժամեր անց Գորիսի փոխքաղաքապետը ազատության մեջ կլինի․ փաստաբան

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Բորիս Բախշիյանի գլխավորությամբ կայացած նիստում երեկ որոշվել է, որ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին գրավի դիմաց ազատ կարձակեն։ Դատարանը 30 մլն դրամ գումար է սահմանել։
ArmDaily.am-ի հետ զրույցում Հովսեփյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը ասաց, որ այս պահին գումարը փոխանցվում է արդեն և մի քանի ժամվա ընթացքում Գորիսի փոխքաղաքապետը ազատության մեջ կլինի։
«Գտնում եմ, որ սահմանված գումարը բավականին մեծ գումար է, բայց մենք այդ գումարը գտել ենք։ Հիմա այդ գործընթացն է՝ գրավի մուծման, և անդորրագիրը դատարան ներկայացնելու, հեսա կմուծենք, և հաշված ժամերի ընթացքում Մենուա Հովսեփյանը դրսում կհայտնվի»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ Մենուա Հովսեփյանը գտնվում է «Գորիս» քրեակատարողական հիմնարկում։
Մեր հարցին, թե ինչ կտա Հովսեփյանի դուրս գալը Գորիսում սպասվելիք ՏԻՄ ընտրություններին, պաշտպանը պատասխանեց. «Ժամեր են մնացել, որովհետև վաղը լռության օր է։ Չգիտեմ՝ կհասցնի՞ Մենուան ինչ-որ բան ասել, երևի կհասցնի։ Վստահ եմ, որ նրա 5 անչափահաս երեխաները իրենց հորը կտեսնեն ի վերջո։ Ի՞նչ է տալիս, երբ ապօրինի անազատության մեջ գտնվող մարդը դուրս է գալիս. իր ընտանիքը պետք է տեսնի, իր ընտանիքի գլխին պետք է լինի, իր գործը շարունակի անել»։
Ինչ վերաբերում է ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի հայտարարություններին՝ պաշտպանը նշում է, որ նա, մեղմ ասած, ճիշտ չէր խոսում, երբ ասում էր, որ Գորիսի բոլոր համայնքապետերը ազատազրկված են, իզուր պետք չէ նրանց ընտրել։
«Սա հիմնավորեց ևս մեկ անգամ մեր հիմնարկը, որ կարող ենք կալանավորվել անձինք, բայց այդ կալանքը դեռևս ոչինչ չի և կալանքները հետո վերանում, փոփոխվում են, և դա չի նշանակում, որ մարդիկ որևէ հանցանք են կատարել»,- ասում է Մելքոնյանը։
Օրեր առաջ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր Առուշ Առուշանյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։ Հարցին՝ միգուցե գումարը քիչ է առաջարկվել, որ Առուշանյանի դեպքում Վերաքննիչը միջնորդությունը մերժել է, իսկ Հովսեփյանին՝ ընդունել, պաշտպանը ասաց. «Այս միլիոնները սարքել են կամայական ինչ-որ մի բան։ Մենք առաջարկել ենք 20 միլիոն և ավելի, այն, ինչ դատարանը կգտնի նպատակահարմար։ Բայց ես բազմիցս ասել եմ՝ ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քանի դեռ էլեկտրոնային մակագրություններով չի մակագրվում, և Վերաքննիչ դատարանի նախագահը մակագրում է ցանկալի դատավորների, ես այդ դատարանից արդարադատություն չեմ սպասել և չեմ սպասում։ Ես գիտեի, որ Վերաքննիչը չի բավարարելու մեր բողոքը։ Դա համաձայնեցված վարույթի նման ինչ-որ մի բան է. նախապես երևի կանչում են դատավորին, ասում են՝ բողոք են բերել պաշտպանները, որ մեկդ ա մերժելու, ձեռք են բարձրացնում, նրան մակագրում են, նա էլ գնում իր սև գործը անում է»։
Հիշեցնենք` Մենուա Հովսեփյանը ձերբակալվել էր օգոստոսի 17–ին։ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3–րդ մասի 1 կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով) և ՀՀ ՔՕ 149.1 հոդվածի 2–րդ մասի 1–ին և 2-րդ կետերով (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով):