ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի պատասխանը՝ հոկտեմբերի 7-ին պատերազմը չդադարեցնելու մասին հարցին
Ես այս ամբիոնից տասնյակ անգամ եմ հայտարարել, որ ամեն ինչի մեղավորն էլ, պատասխանատուն էլ ես եմ հարյուր անգամ եմ ասել, նախընտրական քարոզարշավում ևս, չգիտեմ էլ քանի անգամ պիտի ասեմ։ Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին «Լելե Թեփեի» գործողության հետևանքների համար իրեն պատասխանատու և մեղավոր ճանաչո՞ւմ է, թե կրկին ասելու է, որ իրեն սխալ են զեկուցել։
«Ինչ վերաբերում է Ձեր նշած դրվագին, դրա վերաբերյալ տրվել են բազմաթիվ պարզաբանումներ, ես եմ տվել պարզաբանումներ, եթե դրա կարիքը զգում եք, նորից կտամ պարզաբանումը․ ես եղել եմ Ստեփանակերտում, հրավիրել եմ խորհրդակցություն, լսել եմ մարդկանց կարծիքներ, թե ինչ կարող ենք անել իրադրությունը փոխելու վերաբերյալ, հնչել են առաջարկներ, այդ առաջարկները հնչելուց հետո ես խնդրել եմ, հանձնարարել եմ, որպեսզի զինվորականները գնան գնահատեն առաջարկները և կայացնեն որոշում և «ռեկոմենդացիա» անեն, թե ինչ է պետք անել։ Զինվորականները քննարկել են, կայացրել են որոշում, ինձ զեկուցել են կայացած որոշման ընթացքի մասին»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նաև ասաց, որ «Լելե Թեփե» օպերացիա հասկացություն ընդհանրապես չի եղել։ «Հետո մտել, պրոպագանդիստական նկատառումով, թե իբր ես ասել եմ՝ Սերժ Սարգսյանը 2016-ին «Լելե Թեփեն» կորցրել է, ինձ համար ունի քաղաքական նշանակություն, գնացեք վերցրեք, դիվիդենտ առաջանա, չգիտեմ ինչ․․․ Դա կատարյալ անհեթեթություն է, այդպիսի խոսակցություն չի եղել և չէր էլ կարող լինել։ Մնացածի մասին հարցազրույցներ են տրվել ժամերով։ Բոլոր մեր հայրենակիցներին, որ այս հարցի մնացած մանրամասները հետաքրքրում են, կարող են հենց հիմա մտնել ինտերնետ, փնտրել և գտնել, ժամերով հարցազրույցներ, քննարկումներ եղել՝ նույնիսկ ով է փախել, կասկածներ կան, թե ով է դիտավորյալ տարել տանկերը հատուկ ակոսի մեջ գցել, որ գործողությունը հնարավոր չլինի շարունակել։ Այդ ամեն ինչի մասին ասված է, և կարծում եմ՝ ձեր խմբակցությունում էլ կան մարդիկ, ովքեր դրա մասին տեղեկություններ ունեն»,-ասաց նա։
Արմենուհի Կյուրեղյանն արձագանքեց, որ Նիկոլ Փաշինյանը վարպետորեն շրջանցում է իր հարցը՝ ասելով, թե մեղավոր է, բայց իրեն սխալ են զեկուցել, ապա հետաքրքրվեց, թե ինչու է հոկտեմբերի 7-ին պատերազմը կանգնեցվելու առաջարկը մերժվել։
«Ո՞վ է պատասխան տալու դրանից հետո եղած հազարավոր զոհերի համար, ի՞նչ պատասխան եք տալու այն ծնողներին, որոնց աչքերին պիտի նայեք՝ ասելով, որ գիտե՞ք, այդ քաղաքական մեծ կամքը չունեցա, թեկուզ ինձ դավաճան ասելու գնով։ Միևնույն է այսքանից հետո Ձեզ և՛ դավաճան, և՛ կապիտուլյանտ են անվանում»,-ասաց Արմենուհի Կյուրեղյանը։
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Ձեզ ավելի շատ դավաճան ու կապիտուլյանտ են համարում, ընտրությունների արդյունքները այդ մասին են վկայում։ Ձեր դավաճան ու կապիտուլյանտ լինելու մասին, կարծում եմ, առաջիկայում ավելի մանրամասն քննարկումներ կունենանք»,-ասաց նա։
Վարչապետը նշեց, թե հոկտեմբերի 7-ի առաջարկն ընդունվել է, պայմանավորվածությունը ձեռք է բերվել, որի արդյունքով Հայաստանի ԱԳ նախարարը Ադրբեջանի ու ՌԴ ԱԳ նախարարների հետ ստորագրել է փաստաթուղթ, որը հրապարակվել է, որը հանրության կողմից լայնորեն ողջունվել ու ընդունվել է, բայց Ադրբեջանը չի կատարել հրադադարի պայմանը:
«Այսինքն՝ ես չեմ հասկանում, էս ամեն ինչը դուք իրո՞ք չգիտեք: Ձեզ թվում է, որ ձեզ համար իրականություն եք ստեղծել ... «Լելե Թեփե» հասկացությունը ձեր մտացածին քարոզչական, կներեք արտահայտությանս, հնարքներ են, որոնց սնանկությունը ընտրություններով երևաց», - եզրափակեց Նիոլ Փաշինյանը։