Ակնհայտ է՝ հրաման են կատարում, բայց թե ինչ նպատակ են հետապնդում, հստակ չէ․ ազատամարտիկը զրուցել է «Փաստինֆո»-ի հետ

Ադրբեջանական կողմը, փակելով Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը, փորձում է իրականացնել հերթական սադրանքը։ Ազատամարտիկ Եփրեմ Մարգարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նկատեց, որ ճանապարհը փակելը տրամաբանությունից զուրկ է։ Վստահ է՝ ոչինչ հենց այնպես չի արվում։ Թե ի՞նչ են ծրագրել ադրբեջանցիները, հստակ չէ։ Ըստ ազատամարտիկի՝ գուցե թշնամին նորից ուզում է ցույց տալ իր դոմինանտությունը, կամ ներկայացնել, թե ցանկացած ժամանակ կարող են անել այն, ինչ կցանկանան։

«Տրամաբանությունից զուրկ է, 50 հոգի կանգնել է ճանապարհի վրա։ Ակնհայտ է, որ հրաման են կատարում, բայց թե դա ինչ նպատակ է հետապնդում դա այս լարված իրավիճակում, հստակ չէ»։

 

Ազատամարտիկը նկատեց, որ նշված հատվածում թշնամին կտրուկ գործողությունների չէր դիմում, միջադեպեր չէր գրանցվում։ Դեպքերը միայն Իշխանասարի մոտ էին գրանցվում։ Սակայն 50 զինվորի՝ ճանապարհի վրա կանգնելը հստակ նպատակ ունի։

«Ադրբեջանը թքած ունի իր 50 զինվորի հետ ինչ կլինի։ Կարևորը սադրանքը տեղ հասնի, բայց հայկական կողմն էլ փորձում է բանակցային միջոցով հասկացնել, որ բացեն ճանապարհը, ուղղակի իրենց կողմից չեն պատասխանում, իրենց հրամանատարության կողմից պատասխան չկա, ուստի զգում ես, որ հրաման կա, որը իրենք կատարում են»․

Չնայած գործում է Տաթևով դեպի Կապան տանող այլընտրանքային ճանապարհը, այնուամենայնիվ, Մարգարյանին զարմացնում է ռուս խաղաղապահների անգործությունը։ Ըստ ազատամարտիկի՝ բոլոր այլ հատվածերում, օրինակ՝ Արավուսում, ցանկացած միջադեպի արագ արձագանքում են։

 

«Պետական մարմինները պետք է լուծեն այս հարցը՝ կամ դիվանագիտական ճանապարհով, կամ պետք է ուժ կիրառել՝ ծեծելով հետ շպրտել։ Ուղղակի իրենց տեր ու տիրակալ են զգում, իրենց երևի այդ արտոնությունը տրված է։ Իրենց լկտիության սահմանը չափ ու սահման չունի։ Ոնց է իրենց զինվորը մտել Մարտակերտ, իր համար լողացել, հաց կերել։ Պետք է ուժեղացված ծառայություն լինի»։

Ազատամարտիկը վստահեցնում է՝ բանակցություններին ադրբեջանական կողմը չի պատասխանում։ Մարգարյանը ինքը մի քանի անգամ բանակցություններին ներկա է եղել ու նկատել՝ երբ նպատակահարմար են գտնում պատասխանելու, կպատասխանեն ու եթե հրամայված է լռել ու խնդիր կատարել, անհնար է պատասխան ստանալ թշնամուց։

«Հիմա էլ նույն կերպ պատասխան չկա, դրա համար եմ անտրամաբանական համարում սա։ Կարելի է ուղղակի ծեծել ու հետ շպրտել ։ Իրենք ուղղակի զենք չեն կիրառում, եկել են կանգնել ճանապարհին ու ուղղակի թույլ չեն տալիս անցնել։ Հիմա քանի որ սահմանազատումն էլ արված չէ, նման դեպքեր շատ են լինելու»։

Մարգարյանը նշեց, որ չի բացառվում Սյունիքի մյուս հատվածներում ևս լինեն նման միջադեպեր։ Լռությունը վտանգավոր է համարում ու ոչ ապահովություն։ Թշնամին լուռ պատրաստվում է, ամեն օր կատարում ինժեներական աշխատանքներ, դիրքեր կառուցում։

«Հակառակորդի կողմից կատարած ինժեներական աշխատանքները օր -օրի նկատելի են դառնում։ Ահռելի է։ Ուժեղ դիրքեր են պատրաստում։ Նույնիսկ այնպիսի դիրքեր, որոնց վնասազերծելը կարող է մի քիչ դժվար լինել։ Արկի համար կարող է անհասանելի լինի՝ արկը որ ընկնի վրաները, նույն էֆեկտիվությունը ցույց չի տա, ինչ-որ պետք էր։ Չեմ էլ բացառում, որ մի օր կոնֆլիկտը կսկսվի այդտեղ։ Մեր կողմից զսպվածություն ենք ցույց տալիս, քանի որ գիտենք՝ թիկունքում խաղաղ բնակչություն է, իրենք բարձունքների վրա են, ուստի դիրքապահները սառնասրտություն են ցուցաբերում, ու ամեն ինչի կրակով չեն պատասխանում»,- ասաց ազատամարտիկը։

Քաղաքականություն