Քաղաքականություն

Խոսել եմ Կորպուսի հրամանատարների հետ, որոնք մեզ լսում են. ՊՆ նորանշանակ նախարարը՝ Փաշինյանին

Unknown
Խոսել եմ Կորպուսի հրամանատարների հետ, որոնք մեզ լսում են. ՊՆ նորանշանակ նախարարը՝ Փաշինյանին

Պաշտպանության նախարարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել պաշտպանության նոր նախարար Արշակ Կարապետյանին։

«Այստեղ Պաշտպանության նախարարի դերը դժվար է գերագնահատել: Պարոն Կարապետյան, Ձեզ հաջողություն եմ մաղթում այս օրակարգը սպասարկելու և առաջ տանելու գործում: Իհարկե, մենք իրար հետ աշխատում ենք արդեն բավականին երկար ժամանակ, գործնականում ավելի քան 2 տարի և հույս ունեմ, որ նաև մեր համատեղ աշխատանքի պատմությունը կօգնի մեզ, որպեսզի Պաշտպանության նախարարությունը և կառավարության մյուս մարմիններն ու Զինված ուժերը սինքրոն գործեն: Հետևաբար ես մեզ բոլորիս հաջողություն եմ մաղթում այս ճանապարհին»,- ասել է վարչապետը:

 

Իր հերթին, Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ ունենք ռազմաքաղաքական իրավիճակ, որը պարտադրում է մեզ ունենալ մարտունակ բանակ:

«Կարևորագույն խնդիրն է այսօր՝ ավարտին հասցնել մեր բարեփոխումները: Դա է այն երաշխիքը, որ կապահովի մեր պետության անվտանգությունը: Ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել համատեղ ծառայության համար և մաղթել բարի ծառայություն: Ես մնում եմ ձեր շարքերում»,- ասել է նա:

Պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանը հավաստիացրել է, որ հասկանում են առկա իրավիճակն, որ ամեն ինչ արվելու է երկրի սահմանները հակառակորդի ոտնձգություններից պաշտպանելու համար։

 

«Պարոն վարչապետ, թույլ տվեք բոլորիս անունից՝ սկսած զինվորից, վերջացրած նախարարից, շնորհավորել Ձեզ վարչապետի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելու և մեր ժողովրդից ստացած մանդատի կապակցությամբ: Ուզում եմ Ձեզ հավատացնել, որ մենք հասկանում ենք ստեղծված իրավիճակը, մենք հասկանում ենք, թե ինչ պայմաններում ենք ստանձնում այս պաշտոնները և չենք վերաբերվում դրանց որպես պաշտոն: Ես խոսել եմ Կորպուսի հրամանատարների հետ, որոնք մեզ լսում են, խոսել եմ Պաշտպանության բանակի հրամանատարի հետ: Մենք սա համարում ենք որպես պարտականություն, հայ տղամարդու, հայ սպայի պարտականություն՝ իր երկիրը պաշտպանելու համար: Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր երկրում հակառակորդի ոտնձգություններից խաղաղություն ապահովենք, մենք ամեն ինչ անելու ենք մեր սահմանները պաշտպանելու և արդեն նախաձեռնված ներդրումների և բարեփոխումների շնորհիվ հայկական բանակի ռեսուրսները վերականգնելու համար, որպեսզի ՀՀ ԶՈՒ-ն կարողանա լինել տարածաշրջանում իր համբավն ունեցող, հզոր բանակներից մեկը: Շնորհակալություն վստահության համար, մեզ բոլորիս ցանկանում եմ այդ գործում հաջողություն: Աստված մեզ պահապան»,– նշել է նորանշանակ նախարարը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250