
Ալիևի զարմուհին փողերի լվացման միջոցով Ադրբեջանից 14 մլն ֆունտ է տեղափոխել Բրիտանիա

Բրիտանական դատարանը բացահայտել է «Ադրբեջանական լվացքատան» միջոցով 14 մլն ֆունտ ստերլինգ անօրինական գումար Միացյալ Թագավորություն բերած զույգի ինքնությունը:
Դատարանը բավարարել է բրիտանական Evening Standard պարբերականի հայցը, ինչի արդյունքում պարզվել է, որ Իբիցայում երեկույթների կազմակերպմամբ զբաղվող Իզատ Խանիմ Ջավադովան, ով որպես դիջեյ ներկայանում է Միքայելա Ջավ կեղծանվամբ, և նրա ամուսին Սուլեյման Ջավադովը սերտորեն կապված են Ադրբեջանի ղեկավարության հետ:
Մասնավորապես, Ջավադովան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զարմուհին է՝ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի եղբոր՝ Ջալալ Ալիևի աղջիկը: Նա Լոնդոն է ժամանել առնվազն տասը տարի առաջ և կարողության շնորհիվ կարողացել է վիզա ստանալ:
Միացյալ Թագավորության Հանցագործությունների դեմ պայքարի ազգային գործակալությունը (NCA) մեղադրում է զույգին Լոնդոնում իրենց կյանքը ֆինանսավորելու նպատակով հանցավոր գումարներ օգտագործելու մեջ: Այժմ գործակալությունը փորձում է կասեցնել նրանց մի քանի միլիոնանոց բանկային հաշիվները: Այն հայտնել է դատարանին, որ գումարները լվացվում են Բրիտանիայում, որտեղ հասնում են գործարքների ու փոխանցումների բարդ ցանցի միջոցով՝ կոծկելով դրանց ստացման իրական ապօրինի աղբյուրները:
Զույգի սեփականությունն են համարվում մի քանի միլիոն ֆունտ արժեցող տներ ու բնակարաններ Լոնդոնում, վիլլա և լյուքս դասի բնակարան Իբիցայում, ինչպես նաև Ադրբեջանում գույքի ծավալուն պորտֆել: Հայտնի է նաև, որ Ադրբեջանի նախագահի զարմուհին Լոնդոնում հիմնել է մի կազմակերպություն, որը զբաղվում է քաղաքում երեկույթների, ինչպես նաև իսպանական Իբիցայում տարատեսակ միջոցառումների կազմակերպմամբ:
Զույգը մինչ օրս հերքել է իր դեմ ներկայացված մեղադրանքներն ու համոզել դատարանին գաղտնի պահել իրենց ինքնությունը՝ հաշվի առնելով հանգամանքը, որ հակառակ պարագայում իրենց հեղինակությանը մեծ վնաս է հասցվելու: ՍակայնEvening Standard-ը, երկու տարի շարունակվող դատական գործընթացներից հետո, կարողացել է հասնել նրանց ինքնության բացահայտմանը:
Առաջիկա շաբաթվա ընթացքում սկսվելու են դատական լսումները, որի շրջանակում Հանցագործությունների դեմ պայքարի ազգային գործակալությունը փորձելու է բռնագրավել Coutts, Barclays, Lloyds, Metro Bank և Santander բանկերի հաշիվներում զույգին պատկանող շուրջ 6.5 մլն ֆունտ ստերլինգը:
Իլհամ Ալիևի զարմուհին և նրա ամուսինը քննիչներին ասել են, թե այդ գումարները գոյացել են Ադրբեջանում իրենց սեփականությունների վարձակալության արդյունքում: Սակայն Հանցագործությունների դեմ պայքարի ազգային գործակալությունը դատարանին տեղեկացրել է, որ իրենց համոզմամբ՝ գումարների իրական աղբյուրը կոռուպցիան է, և որ ոչ մի իրական եկամուտ չի համապատասխանում այն մեծ գումարներին, որոնք ուղարկվում են Լոնդոն:
Դատարանը քննելու է ապացույցները, համաձայն որոնց՝ Ջավադովները 2007-2018 թվականներին Մեծ Բրիտանիայի իրենց հաշիվների վրա գումարներ են ստացել «Ադրբեջանական լվացքատան» ծառայությունների միջոցով: Դատական փաստաթղթերում նշվում է, որ Ջավադովների հաշիվներին գումարներ են փոխանցվում 21 կազմակերպությունների կողմից, որոնք տեղակայված են Սեյշելներից ու Մարշալյան կղզիներից մինչև անգլիական Փորթերս Բար քաղաք, ինչպես նաև Էստոնիայում և Լատվիայում գտնվող բանկերից: