Սենսացիոն հայտարարություն Մոսկվայից․ ինչի է պատրաստվում հայկական ընդդիմությունը
«ՌԻԱ Նովոստի»-ն շարունակում է լուսաբանել Հայաստանում կատարվողը․
«Խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին, բայց սկանդալները չեն հանդարտվել։ Իշխանությունները շարունակում են հետապնդել ընդդիմադիր կուսակցություններին, որոնք, իրենց հերթին, պահանջում են քվեաթերթիկների վերահաշվարկ։ Սակայն պաշտոնական արդյունքները դեռևս չեն հրապարակվել։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը բերման է ենթարկվել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում՝ երկրից մեկնելու փորձի ժամանակ։ Քրեական վարույթը վերաբերում է հարկերի վճարումից խուսափելուն, որը հարուցվել է դեռևս 2019 թվականին։ Պաշտպանական կողմի պնդմամբ՝ Ծառուկյանն այդ մասին տեղեկացված չի եղել և որպես պատգամավորի թեկնածու օժտված է անձեռնմխելիությամբ։ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, մեկնաբանելով իրավիճակը, պարզաբանել է, որ Ընտրական օրենսգրքով թեկնածուների անձեռնմխելիությունը գործում է միայն այն դեպքում, երբ հետապնդումն սկսվում է կարգավիճակ ստանալուց հետո։ Հովակիմյանը հավելել է, որ մինչ այդ տեղի ունեցած ձերբակալությունների իրավաչափության հարցով պետք է դիմել Գլխավոր դատախազություն կամ բողոքարկել դատական կարգով։
Այս իրադարձությունները ծավալվում են խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների ամփոփման և քվեարկության պատկերի վերահաշվարկի ֆոնին։ Նախնական տվյալներով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը չնչին տոկոսներ են հեռու պահում անցողիկ շեմը հաղթահարելուց։ Եթե վերահաշվարկի արդյունքում կուսակցությունն անցնի խորհրդարան, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կկորցնի միանձնյա սահմանադրական մեծամասնությունը՝ ստանալով 105 մանդատից միայն 61-ը, ինչը թույլ չի տա ինքնուրույն ընդունել սահմանադրական օրենքներ և նշանակել պետական հանձնաժողովների ու դատարանների ղեկավարներին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել էր այս դեպքերին նշելով․
«Աննախադեպ ճնշում ընդդիմության վրա։ Մի կողմից, սա մի բան է, որը հստակորեն իրականացվում էր որպես կառավարության հայեցակարգ։ Եվ Արևմուտքի միջամտությունը, իմ կարծիքով, աննախադեպ է նաև այս տարածաշրջանի համար ընտրական գործընթացների համատեքստում», - ասել էր Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Մոսկվան չի հանդուրժի Երևանի կախյալ դիրքորոշումը եվրաինտեգրման հարցում: Հիշեցնենք, որ Փաշինյանը ցանկանում է, որ Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում այնքան ժամանակ, քանի դեռ դա չի խանգարում նրա անդամակցությանը ԵՄ-ին:
Միջազգային դիտորդները, մասնավորապես ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը, ընտրարշավը գնահատել են խիստ կոնֆլիկտային՝ ընդգծելով ատելության խոսքի, վարչական ռեսուրսի կիրառման և ընդդիմադիր գործիչների նկատմամբ ճնշումների առկայությունը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է ընտրական գործընթացներին արտաքին ուժերի աննախադեպ միջամտության մասին։ Ընտրությունների վերջնական արդյունքները ԿԸՀ-ն նախատեսում է հրապարակել հունիսի 14-ին»,- նշվում է հոդվածում։