
Ընտրություններից հետո ազդակներ կան, որ գնում ենք խնդրի լուծման. Գրիգորյանը` սահմանին տիրող իրավիճակի մասին

Բանակցությունները շարունակվում են, ես հավելյալ բան չէի ուզենա ասել, բայց, ընդհանուր առմամբ, խնդիրը, կարծես թե, գնում է լուծման։ Այս մասին Ազատության հետ զրույցում ասել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե տեղեկություններ են շրջանառվում, որ Գեղարքունիքի մարզի՝ Ադրբեջանին սահմանակից հատվածում պետք է ռուս սահմանապահներ տեղակայվեն։
«Մենք հույս ունենք, որ, ինչպես հայտարարել էինք, դիվանագիտական ճանապարհով այս հարցը պետք է լուծենք, այդպես էլ կլուծենք»,-նշել է նա։
Նա նշել է, թե ընտրություններից առաջ Հայաստանում ու Հայաստանից դուրս գտնվող ուժերը ընտրական գործընթացի վրա ազդելու ցանկություն են ունեցել, և սահմանային ու անվտանգության հարցերը փորձել են հնարավորինս սրել։
«Բնականաբար, մենք կարողացանք կառավարել այս պրոցեսը՝ հասկանալով, որ հնարավոր է՝ մինչև ընտրություններ չկարողանանք լուծել, որովհետև դրանց նպատակը ընտրությունների վրա ազդելն է։ Հենց ընտրություններից հետո արդեն ազդակներ կան, որ գնում ենք ավելի շատ դեպի լուծման, եթե այլ խնդիրներ չառաջանան, ես հույս ունեմ, որ այս խնդիրները կարգավորելու ենք, և անվտանգային հարցերի մեծ մասը շատ ավելի արագ լուծում է ունենալու, քան մինչև ընտրություններն էին, որովհետև մեր ընդդիմադիրները ցանկանում էին, որ անվտանգության մեծ սպառնալիքներ ստեղծեն, մարդկանց մեջ վախ մտցնեն, որ վախի հիման վրա ընտրություններ կատարեն, բայց նրանց դա չհաջողվեց»,-ասել է նա։