Չհավատա՛ք ո՛չ Փաշինյանի, ո՛չ Քոչարյանի խոսքին. Լևոն Տեր-Պետրոսյան

Հայաստանում պայթունավտանգ իրավիճակ է և իմ կանխազգացմամբ այս ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության ամենախայտառակ, ամենավտանգավոր ընտրությունները։ ՀԱԿ-ի նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ այս մասին ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Կա երկու բևեռ, որոնք հավակնում են ամեն գնով հասնել իշխանության։ Ամեն գնով բառը հենց այնպես չեմ օգտագործում։ Պատրաստ են ամեն ինչի։ Երկու կողմն էլ տիրապետում է հսկայական ֆինանսական, վարչական, քրեական ռեսուրսների։ Երկու կողմն էլ դիմելու են ցանկացած քայլի իրենց նպատակին հասնելու համար։ Ստեղծվում է մի վիճակ, որ դաժան պարտությունից հետո, երբ սովորական նորմալ ազգերը սթափության պահ են ապրում՝ հասկանալով պահի լրջությունը, հակառակը այդ պահն օգտագործում են երկրի վիճակն ավելի խորը փոս նետելու համար։ Ոչնչի առաջ չեն կանգնելու, որևէ մեկի խոսքին չհավատաք ո՛չ Փաշինյանի, ո՛չ Քոչարյանի։ Մենք արդեն տեսել ենք նրանց ազնիվ խոսքն ինչ է արժեցել մեր ժողովրդի համար։ Եթե որևէ մեկը հավատում է նրանց որևէ խոսքի, ես կարող եմ կասկածել այդ մարդու մակարդակի կամ խելքի վրա»,-ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը։

Առաջին նախագահը նշեց, որ կար հրաշալի միջոց այս իրավիճակից դուրս գալու։ Հանգիստ կարելի էր իշխանափոխություն կատարել և ձևավորել նորմալ ճգնաժամային կառավարություն։

«Եթե Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ընդունեին դաշինքով հանդես գալու իմ առաջարկը, միանգամից լուծվում էր ամեն ինչ։ Փաշինյան երևույթը կվերանար Հայաստանից, նախկին նախագահները հանգիստ ետ կքաշվեին, կձևավորվեր հրաշալի կառավարություն։

Մեր ժողովուրդը հոգնել է քաղաքականությունից, քաղաքական դեմքեր չի ուզում, պրոֆեսիոնալներ պետք է լինեին, որոնք 1-2 տարում կարող էին երկրի վիճակը շտկել»,-նշեց Լևոն Տեր-Պետրոսյանը։