Գորիսի փոխքաղաքապետի նկատմամբ ոստիկանությունում բռնություն գործադրելու գործը փորձ է արվում ծածկադմփոց անել. «Փաստինֆո»

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի նկատմամբ ոստիկանությունում բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը փորձ է արվում ծածկադմփոց անել։ Քրեական գործը մեկ ամսից ավել է, ինչ հարուցվել է, սակայն ՀՔԾ-ից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել։ 

 

Նկատենք՝ հարուցված քրեական գործի շրջանակներում Մենուա Հովսեփյանը տուժող է ճանաչվել, կատարվել է դեպքի վայրի զննություն, որով հաստատվել է, որ հենց Երեւանի ոստիկանապետի տեղակալ Արթուր Զաքարյանի աշխատասենյակում է պատերազմի մասնակից Մենուա Հովսեփյանի նկատմամբ կիրառվել բռնությունը։ Թեև այս հանգամանքը հայտնի է դարձել շուրջ մեկ ամիս առաջ, սակայն առ այս պահը տուժող կողմը տեղեկություն չունի՝ Զաքարյանը հարցաքննվել է արդյոք, թե ոչ։ Լրատվականը կապ հաստատեց Մենուա Հովսեփյանի փաստաբան Դավիթ Կարապետյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ Հովսեփյանի մասնակցությամբ առերես հարցաքննություն դեռևս չի եղել։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հովսեփյանը ձերբակալվել է ապրիլի 22-ին՝ Նիկոլ Փաշինյանի դեմ Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիաների գործով։ Գորիսից նրան տեղափոխել են ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն, որտեղ էլ նրան ենթարկել են ֆիզիկական ու հոգեբանական դաժան բռնության։

 

Դեպքի մասին ահազանգել էր փաստաբանը՝ մանրամասներ ներկայացնելով բազմազավակ հոր, պատերազմի մասնակից ՀՀ քաղաքացու նկատմամբ ՀՀ ոստիկանությունում ցուցաբերված նսեմացուցիչ վերաբերմունքի մասին, այն է՝ ոտքը դրել են գլխին, ասել՝ «հերո՞ս էիր խաղում ու ֆիզիկական բռնության ենթարկել։ Նրա հասցեին հնչել են վիրավորական արտահայտություններ և այդ ամենը նկարահանվել է։

Փաստաբանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՔԾ, որտեղ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով՝ բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով։

Քաղաքականություն